Ինչպիսի՞ սնունդն է նվազեցնում վաղաժամ մահվան հավանականությունը

09:43   2 մարտի, 2021

Օրական մրգերի եւ բանաջարեղենի շուրջ 5 չափաբաժին գործածելը երկարատեւ կյանքի համար լավագույնն է համարվում: Եթե մարդն այսպիսի կանոնի է հետեւում, դա նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը, պարզել են Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի մասնագետները:

Circulation ամսագրում հրապարակված նրանց հոդվածի համաձայն՝ մրգերի եւ բանջարեղենի չափաբաժինների հարաբերակցությունը պետք է կազմի երկուսը երեքին:

Գիտնականները վերլուծել են մի քանի մեծածավալ հետազոտությունների տվյալները, որոնց մասնակցել են ավելի քան 100 հազար չափահաս մարդիկ, որոնց հետեւել են 30 տարի: Նրանք հաշվի են առել նաեւ 26 հետազոտությունների տվյալները, որոնցում ընդգրկված էր 29 երկրներից 1,9 մլն մասնակից, ներառյալ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաները, Եվրոպան, Ասիան, Աֆրիկան եւ Ավստրալիան:

Պարզվել է, որ օրական մոտ 5 չափաբաժին մրգերի եւ բանջարեղենի գործածումը կապված է մահվան ամենացածր հավանականության հետ, բայց 5 չափաբաժնից ավելիի գործածումը ոչ մի լրացուցիչ օգուտ չի ունեցել: Իսկ ահա 5 չափաբաժինը մահվան հավանականությունը 13 տոկոսով նվազեցրել է՝ անկախ պատճառներից, 12 տոկոսով՝ սիրտ-անոթային հիվանդություններից, 10 տոկոսով՝ քաղցկեղից եւ 35 տոկոսով՝ շնչառական հիվանդություններից, օրինակ՝ թոքերի օբստրուկտիվ հիվանդությունից:

Ընդ որում՝ օսլա պարունակող բանջարեղենը, ինչպես՝ ոլոռը, եգիպտացորենը եւ կարտոֆիլը, կապված չեն մահվան հավանականության նվազման հետ. օգտակար է միայն կանաչ տերեւավոր բանջարեղենը, ներառյալ սպանախը, հազարը եւ կաղամբը, ինչպես նաեւ բետա կարոտինով եւ С վիտամինով հարուստ մրգերն ու բանջարեղենը, ինչպիսին են ցիտրուսայինները, հատապտուղները եւ գազարը:



© NEWS.am Medicine