Մահացության հիմնական պատճառները Հայաստանում

17:41   12 օգոստոսի, 2014

2014 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում 14929 մահվան դեպք է գրանցվել: Որո՞նք են մահացության հիմնական պատճառները մեր երկրում: Այս մասին լրագրողներին պատմել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Մահացության պատճառների մեջ առաջին տեղն են զբաղեցնում արյան շրջանառության հիվանդությունները, որոնց մեջ գրանցվել է 8.3 տոկոս աճ: Երկրորդ տեղում են մարսողական օրգանների հիվանդությունները, որոնց թիվն էլ է աճել՝ 5.4 տոկոսով: Երրորդ տեղում են շնչառական օրգանների հիվանդությունները՝ նրանց պատճառով մահացած մարդկանց թիվն աճել է 4.8 տոկոսով: Եւ վերջապես, մահացության պատճառներից հաջորդն են նորագոյացությունները, որոնց թվում նույնպես 1.7 տոկոս աճ է գրանցվել:

Հետաքրքիր է, որ դժբախտ պատահարներից, վնասվածքներից, թունավորումներից, վարակիչ եւ մակաբուծային հիվանդություններից մահացության դեպքերի թիվը Հայաստանում, Կարինե Կույումջյանի խոսքով, նվազել է:

Ինչ վերաբերվում է ինքնասպանություններին, գրանցվել է ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի 323 դեպք՝ նախորդ տարվա 377 դեպքի համեմատ: Միայն ինքնասպանությունները կազմել են 85 դեպք՝ նախորդ տարվա 107-ի համեմատ:

Հիշեցնենք, որ 2013 թվական նույն ժամանակամիջոցում գրանցվել էր 14310 մահվան դեպք՝ մոտ 4.3 տոկոսով պակաս: 2012 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատ (14960 գրանցված մահ) այս տարի մի փոքր նվազում է գրանցվել:

Հիշեցնենք նաեւ, որ մանկական մահացության դեպքերը Հայաստանում, Կարինե Կույումջյանի խոսքով, նվազել են. 2013 թվականին մինչեւ մեկ տարեկան երեխաների շրջանում գրանցվել էր 185 մահվան դեպք, իսկ 2014 թվականի նույն ժամանակամիջոցում գրանցվել է 176 դեպք:



© NEWS.am Medicine