Համավարակի ֆոնին տենդախտը եւ դրան մոտ խանգարումներն ավելի տարածված են դարձել. հետազոտություն

17:30   5 մարտի, 2021

2020 թվականին հոսպիտալացված հիվանդների մոտ ավելի հաճախ է ալկոհոլային զրկանքի (աբստինենտային) համախտանիշը գրանցվում, քան մեկ տարի առաջ էր: Այս մասին նշվույմ է JAMA Network Open-ում հրապարակված հետազոտության մեջ, փոխանցում է Medportal.ru-ն:

Կորոնավիրուսային համավարակի ֆոնին շատ մարդիկ սկսել են ավելի շատ ալկոհոլ օգտագործել: Արդյունքում, լյարդի ալկոհոլային հիվանդությամբ ավելի շատ հիվանդներ են սկսել ընդունվել հիվանդանոցներ:

«Մտավախություններ կային, որ համավարակի հետ կապված սթրեսը, սահմանափակումները եւ վերականգնողական ծառայությունների հասանելիության կրճատումը կարող են ալկոհոլի օգտագործման ավելացման, ալկոհոլիզմի նոր դեպքերի եւ ալկոհոլիկների վիճակի վատթարացման հանգեցնել: Սակայն այդ ազդեցությունը դժվար է գնահատել»,- ասել է Christiana Care հիվանդանոցի նարկոլոգիական բաժանմունքի ղեկավար, նոր հետազոտության համահեղինակ դոկտոր Թերի Հորթոքը:

Ալկոհոլային զրկանքի համախտանիշը զարգանում է այն մարդկանց մոտ, ովքեր ալկոհոլի երկարատեւ չարաշահումից հետո դադարել են ալկոհոլ օգտագործել: Այն տեղի է ունենում ալկոհոլիզմով հոսպիտալացված հիվանդների մոտ 8 տոկոսի մոտ: Դրա առաջին նշանները կարող են ի հայտ գալ վերջին խմելուց վեց ժամ անց: Ախտանիշներն են անհանգստությունը, ձեռքերի դող, քրտնարտադրությունը: 10-72 ժամ անց հալյուցինացիաներ, փսխում կարող է սկսել, արյան ճնշումը բարձրանում է եւ էպիլեպտիկ ցնցումների նման նոպաներ են պատահում ԱԱՀ-ի ամենադաժան դրսեւորումներից մեկը տենդախտն է:

Նոր հետազոտության համաձայն` 2020 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հիվանդանոցային հիվանդների մոտ 34 տոկոսով ավելի հաճախ է ԱԱՀ գրանցվել, քան 2019-ի նույն ամիսներին: Այս տարբերությունն ամենամեծն էր լոքդաունից հետո ընկած ժամանակահատվածում (հունիսի 1-ից հետո):




© NEWS.am Medicine