Կոնտակտային լինզաներ կրող մարդիկ ինչպե՞ս են առավել հաճախ ինֆեկցիա ստանում

09:48   1 ապրիլի, 2021

Ցնցուղ ընդունելիս կոնտակտային լինզաների պարբերաբար օգտագործումը կարող է 7 անգամ մեծացնել աչքերի վտանգավոր ինֆեկցիայի զարգացման հավանականությունը, պարզել են Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները:

Նրանք նաեւ պարզել են, որ քնելիս կոնտակտային լինզաների կրումը կարող է 3 անգամ մեծացնել ակնաբուժական ինֆեկցիաների հավանականությունը:

Հետազոտության հեղինակները ուսումնասիրել են լինզաներ կրող 78 մարդու սովորությունները՝ ցանկանալով պարզել բակտերիային կերատիտի զարգացման ռիսկի գործոնները, հայտնում է The Daily Mail-ը: Սա եղջերաթաղանթի բակտերիային ծագման բորբոքային հիվանդություն է, որին հատուկ է եղջերաթաղանթի պղտորումը, ինչպես նաեւ տեսողության վատթարացումը:

Կոնտակտային լինզաների հետ կապված բակտերիային կերատիտը անշրջելի խանգարումների զարգացման եւ տեսողության կորստի հաճախակի պատճառն է, իսկ որոշ դեպքերում կարող է պահանջվել անգամ եղջերաթաղանթի փոխպատվաստում:

Հետազոտության շրջանակում 78 հարցվածներից 37-ի մոտ նախկինում զարգացել էր բակտերիային կերատիտ: Կամավորները հայտնել էին օգտագործած լինզաների տեսակների մասին, դրանք կրելու տեւողության, հիգիենայի սովորությունների, ինչպես նաեւ այն մասին՝ լինզաներով երբեւէ քնե՞լ են կամ ցնցուղ ընդունել:

Պարզվել է, որ ցնցուղ ընդունելիս լինզաները հանելուց հրաժարվելը եղել է ինֆեկցիայի հիմնական պատճառը, ընդ որում՝ կերատիտի ռիսկը 7 անգամ մեծացել է նրանց համար, ովքեր ամեն օր ցնցուղ են ընդունել: Ցնցուղի ջրաշիթերը կարող են բակտերիաների համար սնուցիչ միջավայր դառնալ, որոնք վերջնարդյունքում կտարածվեն կոնտակտային լինզաների մակերեւույթի տակ: Գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ լինզաներով քնող մարդիկ դրանով եղջերաթաղանթին զրկում են թթվածնից եւ վերականգնվելու հնարավորությունից: Արդյունքում կերատիտի ռիսկը 3 անգամ մեծացել է: Պարզվել է, որ տարիքը նույնպես ռիսկի գործոն է՝ ավելի մեծ վտանգի են ենթակա 25-ից մինչեւ 39 տարեկան մարդիկ:



© NEWS.am Medicine