Նախարար. Երկուշաբթի օրը AstraZeneca պատվաստանյութերը հասանելի կլինեն Երեւանում եւ մարզերում

11:57   1 ապրիլի, 2021

Այս պահի դրությամբ Հայաստանը կիրառելու է AstraZeneca պատվաստանյութը: Ամերիկյան FDA-ը, Եվրոմիության դեղերի գրանցման գործակալությունը եւ ԱՀԿ-ն տվել են իրենց եզրակացությունները այս պատվաստանյութի վերաբերյալ: Պատճառահետեւանքային կապ գրանցված կողմնակի աղդեցությունների եւ պատվաստման միջեւ չի հայտնաբերվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ առողջապահության նախարարությանը կից գործող մասնագետների խորհուրդը ուշադրությամբ հետեւում է շուրջ զարգացումներին: Ուրբաթ օրը ժողով է պլանավորվում, որի ընթացքում կքննարկվի Գերմանիայում իրականացված փոփոխությունը՝ պատվաստանյութի ցուցումների մեջ, ըստ որի, պատվաստանյութի տարիքային շեմը բարձրացվել է:

«Ըստ այդմ մեր գործողությունները կկառուցենք», - ասաց նախարարը, ավելացնելով, որ բոլորին խորհուրդ է տալիս պատվաստվել, քանի որ դա կօգնի հնարավորինս շուտ վերադառնալ բնականոն կյանքին:

Նախարարի խոսքով, պատվաստանյութերը դեռ պետք է մաքսազերծվեն եւ մի շարք այլ գործընթացներ անցնեն: Ակնկալվում է, որ երկուշաբթի օրը դրանք արդեն հասանելի կլինիեն թե Երեւանում, թե մարզերում: Իսկ մինչ այդ կազմակերպվում են հանդիպումներ պոլիկլինիկաների տնօրենների հետ, ստուգվում են պոլիկլինիկաներում առկա առաջին օգնության բժշկական պայուսակների տարողունակությունը, դրանք համալրվում են, ինչպես նաեւ վերապատրաստման դասընթացներ են անցկացվում:



© NEWS.am Medicine