Ո՞ր մասնագիտություններն են մեծացնում կորոնավիրուսով վարակման ռիսկը

09:44   14 ապրիլի, 2021

Ծիսական ոլորտի աշխատողները 2-3 անգամ ավելի շատ են կորոնավիրուսային վարակի ռիկսի ենթարկված, քան բուժաշխատողները: Պատճառները դեռ հայտնի չեն, քանի որ բուժաշխատողները կարող են վարակվել ինչպես մարմինների, այնպես էլ կենդանի մարդկանց հետ շփումից: Այս մասին նկարագրված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է International Journal of Infectious Diseases գիտական ​​ամսագրում:

Կատարից գիտնականները պարզել են, որ դիահերձարանի աշխատողների մասնաբաժինը, ովքեր հիվանդ են եւ COVID-19–ի նկատմամբ հակամարմիններ ունեն, 19.1 տոկոս է կազմում, իսկ գերեզմանոցի աշխատողների շրջանում՝ 29.6 տոկոս: Ընդ որում, հիվանդ բուժաշխատողների մասնաբաժինը 10.6 տոկոս է կազմել:

Հետազոտությանը մասնակցել է դիահերձարանի 47 եւ գերեզմանատների 81 աշխատակից: Նրանք բոլորը ՊՇՌ թեստ կամ հակամարմինների թեստ են հանձնել: Գիտնականները նմուշներ են վերցրել նաեւ աշխատանքային տարածքների մակերեսներից, սակայն այնտեղ կորոնավիրուսի հետքեր չեն հայտնաբերել: Հայտնի է նաեւ, որ հետազոտության մասնակիցների մեծ մասն ապրում էր հանրակացարաններում, այսինքն՝ նրանք ավելի մեծ ռիսկի էին ենթարկվում տնային պայմաններում:

Ծիսական ոլորտում աշխատողների շրջանում վարակման ռիսկի մեծացման պատճառը դեռ հասկանալի չէ գիտնականների համար: «Իզվեստիա» թերթի հետ զրույցում ՆՊՀ բիոանոտեխնոլոգիայի, մանրէաբանության եւ վիրուսաբանության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Նետեսովը նշել է, որ մահացածից վարակվելը դժվար հավանական է, քանի որ մինչ թաղումը դրանք ախտահանվում են հակասեպտիկներով, ընդ որում, հարազատներին խորհուրդ են տալիս չհամբուրել տարբեր վարակներից մահացածներին:

Մի շարք մասնագետներ նշել են, որ, չնայած մահացածից վարակման հավանականություն կա, սակայն մարմինը հերձած պաթոլոգն ավելի շատ է վտանգված, քան դիահերձարաններում կամ գերեզմանատներում գտնվող սովորական աշխատողները:




© NEWS.am Medicine