Ինչպես է մարիխուանան ազդում տեսողության վրա

23:30   15 ապրիլի, 2021

Մարիխուանայի կանոնավոր օգտագործումը հանգեցնում է ուշադրության նվազման եւ հիշողության խախտման, վատթարացնում է շարժումների կորդինացիան: Բայց, ինչպես պարզվել է, այս նյութի բացասական ազդեցությունները սրանով չեն սահմանափակվում։ Մարիխուանան ազդում է նաեւ մարդու տեսողության վրա: Այս մասին պատմում է նոր ուսումնասիրությունը, որը հրապարակվել է Scientific Reports-ում:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարիխուանան նպաստում է գունային տեսողության խախտմանը, խանգարում է մթության մեջ հարմարվելուն, այն ժամանակի մեծացմանը, որն անհրաժեշտ է պայծառ լույսի ազդեցությունից վերականգնման համար, ստատիկ եւ դինամիկ տեսողական սրության նվազմանը:

Ավելին, մարիխուանայի երկարատեւ օգտագործման դեպքում նկատվում է կոնտրաստային զգայունության նվազում, խախտվում է շարժման ընկալումը եւ կարդալիս վատանում է աչքերի շարժումը:

Մարիխուանան, ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, ազդում է նաեւ աչքի հյուսվածքների վրա, նպաստում է կոնյուկտիվիտի զգայունության վրա, մեծացնում է արցունքների արտադրությունը եւ հանգեցնում է անոթների լայնացման։

Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարիխուանայի ազդեցության տակ զգալիորեն վատանում են տեսողական այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են տեսողության սրությունը, կոնտրաստային զգայունությունը, ստերեոսկոպիկ տեսողությունը, կենտրոնանալու կարողությունը եւ պայծառ լույսի նկատմամբ զգայունությունը:

Չնայած այն հանգամանքին, որ գիտնականները նկարագրված խախտումները հայտնաբերել են օբյեկտիվ մեթոդներ օգտագործելով, ուսումնասիրության մասնակիցների 30%-ը նշել է, որ մարիխուանայի ազդեցությունից իրենց տեսողությունը բոլորովին չի փոխվել: 65%-ը հայտնել է շատ թեթեւ փոփոխության մասին։



© NEWS.am Medicine