Ինչով են վտանգավոր կանանց մոտ մեջքի քրոնիկ ցավերը

09:47   23 ապրիլի, 2021

Մեջքի քրոնիկ ցավերը, որին բախվում են շատ կանայք, ոչ միայն իջեցնում են կյանքի որակը, այլեւ լուրջ սպառնալիք են առողջության եւ կյանքի համար: Հետաքրքիր է, որ այդ ռիսկերը միայն կանանց համար են արդիական, ինչպես ցույց է տվել Boston Medical Center-ի մասնագետների ուսումնասիրությունը:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ գիտնականները վերլուծել են 11 հետազոտություններ, որոնցում ընդգրկվել են ավելի քան 81 300 միջին տարիքի եւ տարեց պացիենտների տարբեր պատճառներից մահացության վերաբերյալ տվյալներ: Հեղինակները պարզել են, որ տարիքը որեւէ կերպ չի ազդում մեջքի ցավի եւ մահացության միջեւ կապի վրա: Սա զարմանալի հայտնագործություն է՝ հաշվի առնելով, որ տարեցտարի այս վիճակից հաշմանդամության հավանականությունը մեծանում է:

Սրա հետ մեկտեղ հետազոտողները պարզել են, որ մեջքի ցավի հետ կապված մահվան ամենաբարձր ռիսկը նկատվել է այն ուսումնասիրություններում, որոնց մասնակցել են միայն կանայք, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ հայտնաբերվել են ծանր քրոնիկ ցավերի դեպքեր: Ընդ որում՝ տղամարդկանց համար այդ կապը չի բացահայտվել: Ըստ գիտնականների՝ սա ցույց է տալիս, որ ցավերի որոշ տեսակներ, որոնք կյանքի համար ուղղակի սպառնալիք են ներկայացնում, առաջանում են միայն կանանց մոտ:

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ մեղմ ցավերը, որոնք չեն ազդում առօրյա ակտիվության վրա եւ չեն խանգարում սպորտով զբաղվել, կապված չեն մահացության բարձր ռիսկի հետ: Սակայն խնդիր կարող են դառնալ տարբեր քրոնիկ վիճակների հետ կապված ուժեղ ցավերը։

 



© NEWS.am Medicine