Ջեներիկները, պարզվել է, նույնքան արդյունավետ են հիպերտոնիայի բուժման հարցում, որքան իրական դեղամիջոցները

23:20   5 մայիսի, 2021

Ջեներիկները, պարզվել է, նույնքան արդյունավետ են հիպերտոնիայի բուժման հարցում, որքան իրական դեղամիջոցները, կարծում է Սրտանոթային հիվանդությունների չինական ազգային կենտրոնի պրոֆեսոր Վեյ Լի Չժանը:

Նրա խոսքով՝ ֆիրմային դեղերի փոխարեն չարտոնագրված դեղերի նշանակումը կարող է օգնել նվազեցնել հիպերտոնիայի դեմ դեղագործության համար ծախսերը:

Որոշ երկրներ քայլեր են ձեռնարկում չարտոնագրված դեղամիջոցների նշանակումը խթանելու համար` որպես առողջապահական ծախսերը նվազեցնելու եւ ավելի շատ պացիենտների հնարավորություն ընձեռելու միջոց, բայց որոշ բժիշկներ զգուշանում են այդպիսի դեղեր նշանակելուց` մտավախություն ունենալով, որ այս դեղերը կարող են նույնքան արդյունավետ չլինել, որքան բնօրինակները:

Հետազոտողների խումբը՝ պրոֆեսոր Չժանի գլխավորությամբ, որոշել է հետաքննություն անցկացնել, որպեսզի պարզի, թե արդյոք հիպերտոնիայի դեմ դեղամիջոցները նույնքան արդյունավետ են, որքան բնօրինակ դեղերը, որոնք նախատեսված են արյան ճնշումը երկարաժամկետ վերահսկելու համար:

Նրանք վերլուծել են Չինաստանի 12 նահանգների 18 հիվանդանոցներում հիպերտոնիկ հիվանդների հետ անցկացված ուսումնասիրության տվյալները: Ելակետային հետազոտություններն անցկացվել են 2013-2015 թվականներն ընկած ժամանակահատվածում, եւ հետագա գնահատումները շարունակվել են մինչեւ 2017 թվականի օգոստոսի 1-ը: Հետազոտողներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են հետազոտության 2176 մասնակիցների վրա, ովքեր հիպերտոնիայի դեմ ֆիրմային դեղեր են ընդունել, եւ 4352 մասնակիցների վրա, ովքեր ջեներիկ դեղեր են ընդունել: Նրանք կատարել են վիճակագրական վերլուծություն, որպեսզի համեմատեն երկու խմբերը՝ դիտարկման ժամանակահատվածում արյան ճնշման փոփոխությունների տեսանկյունից:

Նրանք պարզել են, որ արյան ճնշումը իջեցնելու գործում ջեներիկները նույնքան արդյունավետ են, որքան բնօրինակները: Չարտոնագրված դեղամիջոցներ օգտագործող խմբի եւ ֆիրմային դեղամիջոցներ օգտագործող խմբի միջեւ արյան ճնշման լավ վերահսկման մակարդակի հասած պացիենտների տոկոսը նույնն է եղել։



© NEWS.am Medicine