Ինչու է Moderna-ն լավագույն պատվաստանյութ ճանաչվել

19:27   6 մայիսի, 2021

Moderna-ի դեղամիջոցը կորոնավիրուսի վարակի դեմ լավագույն պատվաստանյութ ճանաչելը աշխարհաքաղաքական դրդապատճառ ունեցող քայլ է: Այսպիսի կարծիք է հայտնել առաջատար վիրուսաբաններից եւ Բելգիայում COVID-19-ի ոլորտում ամենաշատ մեջբերվող փորձագետներից մեկը համարվող Մարկ Վան Ռանստը:

Նրա խոսքով՝ ռուսական «Սպուտնիկ V» դեղամիջոցը ոչնչով չի զիջում պատվաստանյութերի համաժողովում հաղթած իր մրցակցին։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», մասնագետը նշել է, որ ինքը մեծ նշանակություն չէր տա այս մրցանակին, քանի որ այս դեպքում հաշվի է առնվել աշխարհաքաղաքական գործոնը: Մասնագետն ընդգծել է, որ Moderna-ն, «Սպուտնիկ V»-ն եւ Pfizer-ը աննախադեպ արդյունավետություն են ցուցաբերում COVID-19-ի դեմ՝ դեղերի այս ցուցանիշը գերազանցում է 90%-ը:

«Այս փուլում դրանք արդյունավետության նույն մակարդակում են գտնվում, առանձնապես իմաստ չուներ Moderna-ն կամ մյուս երկուսը հաղթող դարձնել»,- ասել է մասնագետը` հավելելով, որ նշված փաստը չի նսեմացնում պակաս արդյունավետ դեղամիջոցների որակը, ինչպիսիք են AstraZeneca-ն, Johnson & Johnson-ը եւ Novavax-ը:

««Սպուտնիկ V»-ն առաջինն է մշակվել, եւ հենց սկզբից մենք ականատես ենք եղել քաղաքական արձագանքների, որոնք արտահայտվել են ռուս գիտնականների նվաճումները նսեմացնելու համար․․․ Այս մրցանակը Moderna-ին տալը, հավանաբար, հիմնականում տնտեսական որոշում է»,- ասել է մասնագետը:

Հիշեցնենք, որ Moderna-ի դեղամիջոցը «Պատվաստանյութերի համաշխարհային կոնգրես 2021»-ի կողմից ճանաչվել է «COVID-ի դեմ լավագույն պատվաստանյութ»: «Սպուտնիկ V»-ն եւ AstraZeneca-ի դեղամիջոցը ընդգրկվել են անվանակարգի կարճ ցուցակում, իսկ Pfizer-ի եւ BioNTech-ի պատվաստանյութը նույնպես «բավական բարձր գնահատական» է ստացել: Հաղթողի ընտրության չափորոշիչներն անհայտ են:

 



© NEWS.am Medicine