Ի՞նչ ախտանիշներից կարելի է կասկածել դեղամիջոցների հանդեպ ալերգիայի մասին

20:26   17 մայիսի, 2021

Տեսականորեն, ցանկացած դեղամիջոց, նույնիսկ ալերգիայի դեմ դեղերը կարող են մարդու մոտ ալերգիկ ռեակցիա առաջացնել: Բայց իրականում այսպիսի խնդիր բավականին հազվադեպ է պատահում:

Դեղամիջոցների հանդեպ ալերգիան կախված չէ այդ դեղամիջոցի որակից կամ տոքսիկ լինելուց։ Ալերգիան օրգանիզմի անհատական ռեակցիա է, որը կարող է առաջանալ ի պատասխան ամենատարբեր նյութերի՝ սննդամթերքից մինչեւ փոշի:

Ի՞նչ ախտանիշներից կարելի է կասկածել դեղամիջոցների հանդեպ ալերգիայի մասին:

Դեղամիջոցների հանդեպ ալերգիային բնորոշ նշանները չեն տարբերվում ցանկացած այլ ալերգիայի նշաններից: Դրանք են՝ ցանը, քորը եւ այտուցը: Որոշ մարդկանց մոտ կարող է շնչարգելություն, քթի մեջ քոր եւ աչքերում ծակոց առաջանալ: Ալերգիայի ախտանիշները կարող են ի հայտ գալ դեղամիջոցն ընդունել սկսելուց մի քանի ժամ, օր կամ նույնիսկ շաբաթներ անց:

Ամենավտանգավոր ալերգիկ ռեակցիան անաֆիլաքսիան է: Սա հազվագյուտ վիճակ է, որը կարող է զարգանալ ակնթարթորեն կամ դեղն ընդունելուց մի քանի ժամ անց: Ախտանիշները նման են սովորական ալերգիայի, բայց զարգանում են սրընթաց եւ ուղեկցվում են կյանքին սպառնացող վիճակներով, ինչպիսիք են թոքերի այտուցը, ճնշման անկումը, տախիկարդիան եւ փորացավը:



© NEWS.am Medicine