Կորոնավիրուսը կարող է բացասաբար ազդել տղամարդկանց առողջության վրա. երկու տղամարդու հարկավոր է եղել առնանդամի պրոթեզավորում

23:41   19 մայիսի, 2021

Կորոնավիրուսային վարակը կարող է բացասաբար ազդել տղամարդկանց առողջության վրա. World Journal of Men's Health-ում հրապարակված հոդվածում Մայամիի համալսարանի (ԱՄՆ) վերարտադրողական ուրոլոգիայի մասնագետները պատմել են երկու պացիենտի մասին, որոնք հետազոտությունից 6 եւ 8 ամիս առաջ վարակվել են COVID-19-ով, ինչից հետո ստիպված են եղել առնանդամի պրոթեզավորում կատարել` էրեկցիայի դիսֆունկցիայի պատճառով:

Ըստ գիտնականների՝ նախքան կորոնավիրուսային վարակը պացիենտները նման խնդիրներ չեն ունեցել: Տղամարդկանցից մեկի մոտ վարակի ընթացքը ծանր է եղել, մյուսի մոտ՝ ավելի թեթեւ, սակայն վերջինիս մոտ ի սկզբանե ախտորոշվել է թրոմբոզ եւ հիպերտոնիա:

Մասնագետները հետազոտել են տուժած տղամարդկանց առնանդամի հյուսվածքները: Պարզվել է, որ, չնայած կորոնավիրուսային վարակից բուժվելուց շատ ժամանակ է անցել, առնանդամի հյուսվածքներում գիտնականները հայտնաբերել են վիրուսային մասնիկներ: Բացի այդ, արձանագրվել է էնդոթելիի դիսֆունկցիա` առնանդամի արյան փոքր անոթների ներքին ծածկույթի խանգարում:

Գիտնականներն ասում են, որ այս վնասվածքները առաջացրել են սեռական օրգաններին արյան մատակարարման պակաս եւ, որպես հետեւանք, էրեկցիայի դիսֆունկցիա: Հետաքրքիր է, որ երկու այլ տղամարդկանց մոտ, որոնք նույնպես տառապում են ուժեղ իմպոտենցիայով, սակայն չեն վարակվել COVID-19-ով, առնանդամի հյուսվածքներում նման մազանոթային վնասվածքներ չեն եղել:



© NEWS.am Medicine