Ինչպիսի սնունդը կարող է օգնել կանխել մազաթափությունը

21:38   21 մայիսի, 2021

Մազաթափության հիմնական պատճառները սովորաբար ցածր սպիտակուցային եւ ցածր կալորիականությամբ դիետաներն են, անառողջ սնունդը, շատ արագ քաշի կորուստը եւ օրգանիզմում ցինկի, երկաթի ու վիտամին B12-ի պակասը: Այսպիսի կարծիք է հայտնել սննդաբան Կինիտա Կադակիա Պատելը (Հնդկաստան):

Մազաթափությունից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս առաջին հերթին կարգավորել սպիտակուցների ընդունումը, քանի որ մազերը հիմնականում բաղկացած են կերատինից, որի սինթեզի համար անհրաժեշտ է բիոտին եւ ամինաթթուներ:

Բացի այդ, դիետոլոգը խորհուրդ է տալիս օրգանիզմում ֆոլաթթվի, ցինկի եւ վիտամինների դեֆիցիտի անալիզներ հանձնել: Եթե դեֆիցիտ կա, այն պետք է լրացնել՝ սննդակարգին անհրաժեշտ նյութեր ավելացնելով:

Եթե սննդակարգը շտկելուց հետո մազաթափությունը չի դադարում, Պատելը խորհուրդ է տալիս դիմել մասնագետի:



© NEWS.am Medicine