Ռոբոտ Ռոբինը Հայաստանում կօգնի բարելավել դեմենցիայով մարդկանց կյանքի որակը

13:53   24 մայիսի, 2021

Alzheimer's Care Armenia (ACA) ընկերությունը, Expper Technologies-ի հետ համագործակցությամբ, նախատեսում է «հուզական աջակցության» ռոբոտ օգտագործել՝ Հայաստանի բժշկական հաստատություններում տարեցների բարեկեցությունը բարելավելու համար: Ինքնավար օգնականը, որը հայտնի է որպես «Ռոբոտ Ռոբին» (Robin the Robot) կգնահատի Նորքի ծերանոցի տարեց մարդկանց կոգնիտիվ եւ հոգեբանական կարիքները: Այս նախագիծը ֆինանսավորում է ստացել Գ. Հովնանյանի ընտանիքի հիմնադրամի կողմից եւ հաստատվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից: Նախագիծը նախատեսվում է սկսել 2021 թվականի մայիսի 25-ին:

Alzheimer's Care Armenia-ի հիմնադիր դոկտոր Ջեյն Մաղաքյանը արդեն երկար տարիներ հիշողության կորուստ ունեցող մարդկանց բուժման ինովացիոն մեթոդներ է որոնում: Նա հայտնի է Հայաստանում տարեցների խնամքի ծրագրերի եւ ծառայությունների իրականացման իր նորարարական գործունեությամբ:

«Երբ Հայաստանում կայացած հանդիպման ժամանակ Ռոբին ռոբոտին տեսա, ինձ հետաքրքրեց նրա հնարավոր թերապեւտիկ կիրառումը տարեցների, այդ թվում` հիշողության կորուստ ունեցողների համար: Երբ ես հանդիպեցի Expper Technologies-ի գործադիր տնօրեն, հիմնադիր Կարեն Խաչիկյանի հետ, մենք քննարկեցինք այս գաղափարը, եւ արդյունքում մենք նախատեսում ենք համատեղ նախագիծ: Հաշվի առնելով դեմենցիայով տառապող մարդկանց եւ նման պացիենտներին խնամողների աճող թիվը, ռոբոտացված աջակցության պահանջարկը դառնում է խիստ կարեւոր»,- ասաց դոկտոր Մաղաքյանը:

Նախագծի հետազոտությունը կտեւի 12 շաբաթ, եւ դրանում ընդգրկված յուրաքանչյուր մասնակից շաբաթը երկու անգամ կշփվի ռոբոտի հետ: Ռոբինի հետ զրույցներն ու շփումները հիմնված կլինեն մասնակիցների շահերի վրա եւ կներառեն ճանաչողական խաղեր: Ռոբոտը նրանց հետ կխոսի նաեւ մանկության հիշողությունների եւ այնպիսի բաների մասին, որոնք ուրախություն են պատճառել նրանց: Հետազոտությունն ավարտելուց հետո Ռոբին ռոբոտը 9 ամսվա ընթացքում կայցելի Հայաստանի 5 այլ բժշկական հաստատություններ:

COVID-19 համավարակը բացասաբար է անդրադարձել արդեն իսկ խոցելի տարեց մարդկանց վրա, հատկապես նրանց, ովքեր ապրում են հատուկ հաստատություններում: Անվտանգության խիստ միջոցառումների պատճառով միայնակության եւ մեկուսացման հետ կապված խնդիրները միայն խորացել են՝ բացասաբար ազդելով այդ մարդկանց ֆիզիկական, մտավոր եւ ճանաչողական կարողությունների վրա:

«Մեր նպատակն է գիտականորեն հիմնավորված մեթոդներն օգտագործել կոգնիտիվ ցուցանիշները բարելավելու, դեպրեսիայի ախտանիշները նվազեցնելու եւ, ի վերջո, տարեց բնակչության կյանքի որակը բարելավելու համար»,- ասաց Expper Technologies-ի գործադիր տնօրեն եւ հիմնադիր Կարեն Խաչիկյանը:

«Մինչեւ 2050 թվականը Հայաստանի բնակչության գրեթե մեկ երրորդը 60-ից բարձր տարիք կունենա։ Հայաստանում Ալցհեյմերի հիվանդության եւ դեմենցիայի այլ ձեւերի տարածվածությունը նույնպես աճում է: Տարեց մարդկանց կյանքի բարելավման համար այս նախագծի հնարավոր ազդեցությունը շատ կարեւոր է»,- ասաց դոկտոր Մաղաքյանը։



© NEWS.am Medicine