Ցածր ածխաջրային սննդակարգն արդյունավետ է շաքարախտի դեպքում

21:30   28 մայիսի, 2021

Բրիտանական Սննդի գիտախորհրդատվական հանձնաժողովը կոչ է անում ցածր ածխաջրային սննդակարգի միջոցով պայքարել 2-րդ տիպի շաքարախտի դեմ: GOV.UK կայքում հրապարակված զեկույցի համաձայն, ընդամենը կես տարվա ընթացքում ցածր ածխաջրային սննդակարգը նվազեցնում է արյան մեջ շաքարի ցուցանիշը եւ բարելավում ավելորդ քաշ ու ճարպակալում ունեցող պացիենտների վիճակը։

Հետազոտության համաձայն, ցածր ածխաջրային սննդակարգին հետեւող մարդիկ (օգտագործված ընդհանուր էներգիայի 13-40%-ը բաժին է ընկել ածխաջրերին) առաջին 3 ամիսների ընթացքում ավելի շատ քաշ են կորցրել, քան նրանք, ովքեր սովորական սննդակարգ են ունեցել (օգտագործված ընդհանուր էներգիայի 41-55%-ը բաժին է ընկել ածխաջրերին): Քաշի կորստից բացի, հիմնական խմբի մոտ բարելավվել են գլիկացված հեմոգլոբինի, քաղցած ժամանակ արյան մեջ գլյուկոզայի եւ շիճուկի մեջ տրիացիլգլիցերինի ցուցանիշները:

Հարկ է նշել, որ մասնագետները կասկածում են, թե ցածր ածխաջրային սննդակարգը կօգնի շաքարախտով այն պացիենտներին, ովքեր քաշի խնդիր չունեն: Եթե մեծահասակ մարդու մոտ միաժամանակ ճարպակալում եւ 2-րդ տիպի շաքարախտ է ախտորոշվում, ապա ցածր ածխաջրերով սննդակարգ կարող է նշանակվել 6 ամսով` գլյուկոզայի վերահսկումը բարելավելու եւ տրիացիլգլիցերինի մակարդակը նորմալացնելու համար:

Ցածր ածխաջրային սննդակարգը ներառում է ամբողջական հացահատիկից կամ բջջանյութ պարունակող մթերքներ, մրգեր եւ բանջարեղեն: Իսկ ահա հագեցած ճարպերի օգտագործումը պետք է սահմանափակվի այնպես, ինչպես արագ ածխաջրերինը:



© NEWS.am Medicine