Հայաստանում օրական 1800-1900 հոգի պատվաստվում է կորոնավիրուսի դեմ. Անահիտ Ավանեսյան

13:35   10 հունիսի, 2021

Հայաստանում օրական 1800-1900 հոգի պատվաստվում է կորոնավիրուսի դեմ: Պատվաստվածների ընդհանուր թիվն արդեն հատել է 50 000-ի սահմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, քաղաքացիների գերակշիռ մասը պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով: Ինչ վերաբերվում է առողջապահական համակարգի հնարավորություններին, օրական հնարավոր է մոտ 3000 պատվաստում իրականացնել:

Ինչպես նշեց Անահիտ Ավանեսյանը, Հայաստանում այս պահի դրությամբ աշխատանքներ են իրականացվում սառնարանային հզորությունների ավելացման համար, որպեսզի հնարավորություն լինի ներկրել նաեւ սառցային շղթա պահանջող պահվաստանյութերը: Գույքագրվել են երկրում առկա բոլոր՝ նման ջերմաստիճան ապահովող սառնարանները, լրացուցիչ քանակներ ձեռք բերելու աշխատանքներ են տարվում:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով, պայմանավորվածություններ կան՝ աշնանը Novovax եւ Johnson պատվաստանյութեր ձեռք բերելու հետ կապված: Pfizer-ի առաջարկը շուտով կամբողջացվի, իսկ Moderna ձեռք բերելու համար դեռ հստակ պայմանավորվածություններ չկան:

Ինչ վերաբերվում է առկա պատվաստանյութերին, դրանց նոր խմբաքանակներ եւս ակնկալվում են:



© NEWS.am Medicine