Մրսածության վիրուսը կարող է պաշտպանե՞լ կորոնավիրուսից

14:44   16 հունիսի, 2021

Մրսածության վիրուսը հիվանդի օրգանիզմում իմունային պատասխան է գործադրում, որը թույլ է տալիս խուսափել կորոնավիրուսով վարակվելուց։ Այսպիսի կարծիք են հայտնել Ելի համալսարանի գիտնականները։

Ինչպես տեղեկացնում է Hull Daily Mail-ը, նախկինում արդեն հայտնի էր, որ մրսածությունից իմունիտետի բարձրացումը կարող է պաշտպանել մարդուն գրիպից։ Ուստի, գիտնականները սկսեցին որոնել կորոնավիրուսի դեմ պայքարի նման մեխանիզմ։

Նոր հետազոտության հեղինակները լաբորատորիայում աճեցրել են շնչուղիների հյուսվածքներ եւ դրանք վարակել ռինովիրուսով, որն առաջ է բերում մրսածություն, իսկ ավելի ուշ՝ կորոնավիրուսով։ Առաջինների հետ փոխգործակցությունից հետո համակարգն ակտիվանում էր եւ կանգնեցնում COVID-19-ի տարածումը։ Գիտնականները հույս ունեն, որ իրենց աշխատանքի արդյունքները կօգնեն մշակել կորոնավիրուսի բուժման ավելի արդյունավետ միջոցներ։

Մասնագետների խոսքով՝ այս մեթոդը պետք է կիրառել առավել օպերատիվորեն այն պահից սկսած, երբ պացիենտը վարակվել է կորոնավիրուսով. դա թույլ կտա խուսափել կորոնավիրուսի էքսպոնենցիալ տարածումից։ Սակայն հիվանդության ավելի ուշ փուլերում չարժե դիմել այսպիսի թերապիայի, քանի որ ինտերֆերոնի բարձր մակարդակը կարող է ավելորդ խթանել իմունային համակարգը եւ վատացնել COVID-19-ի ընթացքը։

«Վիրուսների միջեւ գոյություն ունեն ծածուկ փոխգործակցություններ, որոնք մեզ այնքան էլ հասկանալի չեն։ Մեր ստացած արդյունքները ընդամենը գլուխկոտրուկի մի մասն են, որը մենք փորձում ենք կռահել»,- ընդգծել է Ելի բժշկական դպրոցի լաբորատոր բժշկության եւ իմունակենսաբանության ամբիոնի դոցենտ Էլեն Ֆոքսմանը։



© NEWS.am Medicine