Թութքի կանխարգելում. Ի՞նչ խորհուրդ է տալիս բժիշկը

18:40   16 հունիսի, 2021

Թութքը ռիսկի շատ գործոններ ունի, եւ դրանց մեծ մասը կապված է անառողջ կենսակերպի հետ: Եթե մարդը ճիշտ չի սնվում, քիչ է շարժվում, եւ այս ամենի հետեւանքով խախտվում է նրա աղիքների աշխատանքը, այս ամենը մեծացնում է նրա մոտ թութքի զարգացման ռիսկը:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց պրոկտոլոգ Դավիթ Խալաթյանը, թութքի կանխարգելման համար անհրաժեշտ է, առաջին հերթին, վերացնել դրա զարգացման ռիսկի գործոնները:

Քանի որ աղիքների անկանոն աշխատանքը ռիսկի լուրջ գործոն է համարվում, փորկապության կամ, ընդհակառակը, լուծի հետ կապված խնդիրները անտեսել չի կարելի, պետք է դիմել բժշկի՝ այս բոլոր խնդիրների պատճառը պարզելու եւ հնարավորինս շուտ դրանք լուծելու համար, ինչը հետագա բարդություններից խուսափելու հնարավորություն կտա: Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում շատ մարդիկ ժամանակին չեն դիմում բժշկի, քանի դեռ խնդիրը չի սկսել արդեն լուրջ անհանգստություն պատճառել:

Նման խնդիրները ինքնուրույն լուծելը, ինքնաբուժությամբ զբաղվելը վատ գաղափար է: Պացիենտը չի կարող իր համար ճիշտ ախտորոշում կատարել եւ, հնարավոր է, նրա բողոքների հետեւում թաքնված լինի շատ ավելի լուրջ հիվանդություն, քան նրան թվում է: Այսպես թե այնպես, բոլոր առողջական խնդիրների ախտորոշմամբ եւ բուժմամբ մասնագետները պետք է զբաղվեն, իսկ ինքնուրույն մոմիկներ ու քսուքներ գնել եւ օգտագործել կտրականապես խորհուրդ չի տրվում։

Թութքի կանխարգելման համար խորհուրդ է տրվում նաեւ ձգտել ճիշտ սնվել՝ ընտրելով բջջանյութով, վիտամիններով եւ հանքանյութերով հարուստ սննդակարգ, իսկ ահա ֆաստֆուդի քանակը հասցնել նվազագույնի: Համարվում է, որ աղիքների նորմալ աշխատանքին նպաստում է նաեւ համարժեք ֆիզիկական ակտիվությունը, ուստի այս խորդուրդը չարժե անտեսել:

Խորհուրդ է տրվում նաեւ չանտեսել անոթային խնդիրները եւ հիպերտոնիան, քանի որ համարվում է, որ ուղղակի կապ կա ամբողջ օրգանիզմում անոթների վիճակի եւ թութքի զարգացման ռիսկի միջեւ:



© NEWS.am Medicine