Հայաստանի բնակչության մոտ 2 տոկոսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. Սա տարածաշրջանի ամենացածր ցուցանիշն է

12:21   22 հունիսի, 2021

65 719 հոգի Հայաստանում արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Նրանցից մոտ 53 000-ը ստացել են պատվաստանյութի միայն առաջին դեղաչափը, մնացածը՝ նաեւ երկրորդը:

Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, Հայաստանի բնակչության ընդամենը 2 տոկոսն է պատվաստված, եւ սա բավական վատ ցուցանիշ է՝ ամենացածրը տարածաշրջանում:

Մասնագետի խոսքով՝ նման ցուցանիշի դեպքում կոլեկտիվ իմունիտետի ձեւավորման եւ սահմանափակումներից հրաժարվելու մասին դեռ հնարավոր չէ խոսել:

Այս պահի դրությամբ երկրում օրական մոտ 1500 պատվաստում է իրականացվում: Հետաքրքիր է, որ շաբաթներ առաջ օրական մոտ 2000 հոգի էր պատվաստվում: Հնարավոր է, որ պատվաստումների կատարողականը վերջին օրերին նվազել է համաճարակային հարաբերական կայուն վիճակի հետեւանքով: Սակայն, մասնագետների խոսքով, եթե այս միտումները շարունակվեն, մոտ ապագայում հնարավոր է, որ համաճարակի չորրորդ ալիքը գրանցենք:

Գայանե Սահակյանի խոսքով, մոտակա երկու շաբաթների ընթացքում ցանկալի է արագացնել պատվաստումների տեմպերը՝ հատկապես ռիսկի խմբերի շրջանում՝ հիվանդացության աճից խուսափելու համար:



© NEWS.am Medicine