Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանում ըստ հաշվարկների սպասվում է COVID-19-ի 600 նոր դեպք, 5 պացիենտ ռեանիմացիայում կհայտնվի

12:38   22 հունիսի, 2021

Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանում սպասվում է COVID-19-ի 600 նոր դեպք: Ըստ մասնագետների հաշվարկների, վարակվածների մոտ մեկ երրորդը (մոտ 180 հոգի) հոսպիտալացման կարիք կունենա, իսկ նրանցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում կհայտնվի վերակենդանացման բաժանմունքում:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այժմ համաճարակային իրավիճակը Հայաստանում հարաբերական կայուն է, նոր դեպքերի կտրուկ աճ դեռ չկա, սակայն վերջին 14 օրերի ընթացքում կորոնավիրուսի վերարտադրության ցուցանիշը 0.4-ից աճել է 1.1-ի, ինչը նշանակում է, որ ոչ հեռու ապագայում նոր դեպքերի կտրուկ աճ կարող է գրանցվել:

Մասնագետի խոսքով՝ աշխարհում համաճարակային իրավիճակը դեռ լարված է, եւ մուտացիայի ենթարկված նոր շտամները բազմաթիվ խնդիրներ են առաջացնում: Սահմանափակումները բազմաթիվ երկրներում դեռ պահպանվում են, չնայած պատվաստումային գործընթացը ակտիվորեն շարունակվում է:

Վերջին տվյալներով, 180 երկրում 2.66 մլրդ դեղաչափ պատվաստում է իրականցվել: Օրական 40 մլն պատվաստում է իրականցվում ամբողջ աշխարհում:



© NEWS.am Medicine