Հետազոտություն. Կորոնավիրուսը ազդում է տղամարդկանց վերարտադրողական համակարգի վրա, իսկ պատվաստանյութերը՝ ոչ

09:51   25 հունիսի, 2021

Կորոնավիրուսը կարող է վնասել ոչ միայն թոքերը, այլ նաեւ տղամարդկանց վերարտադրողական օրգանները, եւ ավելի ու ավելի շատ ուսումնասիրություններ են դա հաստատում: Բայց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, վերարտադրողական համակարգի համար անվտանգ են:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ նոր հետազոտությունն անցկացրել են Տեխասի համալսարանի գիտնականները, ովքեր լաբորատոր պայմաններում մկներին վարակել են կորոնավիրուսով: Այս կրծողներին հաճախ են օգտագործում մարդկանց մեջ կորոնավիրուսային վարակի ընթացքը մոդելավորելու համար: Առաջին շաբաթվա ընթացքում SARS-CoV-2-ի մասնիկներ են հայտնաբերվել բոլոր վարակված մկների ամորձիներում, սակայն հետագայում վիրուսային ծանրաբեռնվածության մակարդակն աստիճանաբար նվազել է: Մասնագետները ենթադրել են, որ այս գործընթացը կարող է առաջանալ նաեւ COVID-19-ով տառապող բոլոր տղամարդկանց մոտ՝ անկախ դրա ընթացքի ծանրությունից:

Որպես իրենց եզրակացությունների հաստատում՝ հետազոտության հեղինակները նշել են, որ կորոնավիրուսով պացիենտները հաճախ են բողոքում աճուկի մասում եւ ամորձիներում ցավից, նրանցից ոմանց մոտ նվազել է տեստոստերոնի մակարդակը: Բացի այդ, COVID-19-ից մահացածների մարմինների դիահերձման ընթացքում հայտնաբերվել է բջիջների մակարդակում ամորձիների աշխատանքի խանգարում:

Վերջերս Մայամիի համալսարանի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը գոնե տղամարդկանց մոտ անպտղություն չի առաջացնում՝ պատվաստանյութերը չեն վատթարացնում սպերմատոզոիդների որակը եւ չեն ազդում դրանց կոնցենտրացիայի վրա:



© NEWS.am Medicine