Ի՞նչ կապ կա ծխելու եւ ինքնասպանության ռիսկի բարձրացման միջեւ

09:48   1 հուլիսի, 2021

Ծխելու եւ ինքնասպանության վարքագծի միջեւ որոշակի կապ կա, ասվում է International Journal of Environmental Research and Public Health ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ:

Հետազոտության համահեղինակ, Կաստելյոն նահանգի հիվանդանոցից դոկտոր Իվան Էչեւերիան հայտնել է, որ ծխելը 2,5 անգամ ավելացնում է ինքնասպանության ռիսկը: Սակայն եթե մարդը թողնում է ծխելը, այս ցուցանիշը նվազում է: Այսպես, ծխողների մոտ ինքնասպանության մասին մտքերի հավանականությունը 1,84 անգամ է ավելի, ծխելը թողածների մոտ` 1,35 անգամ:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ COVID-19 համավարակի ընթացքում կատարված դիտարկումները ցույց են տվել, որ ծխող կանանց մոտ ինքնասպանության ռիսկն ավելի բարձր է, քան ծխող տղամարդկանց մոտ: Սակայն տղամարդկանց հաշվին ավելի շատ անհաջող փորձեր կան:

Ծխախոտի եւ ինքնասպանության կապի հնարավոր կենսաբանական բացատրություններից մեկը, ըստ գիտնականների, կարող է լինել նիկոտինի ազդեցությունը կենտրոնական նյարդային համակարգի վրա: Այն իջեցնում է սերոտոնինի մակարդակը հիպոկամպում` ուղեղի այն հատվածում, որը մասնակցում է հույզերի ձեւավորմանը:

Ինչպես նշում է Կարդինալ Հերերայի համալսարանից Գոնսալո Խարոն, մինչ օրս ամենալուրջ վարկածներից մեկն այն է, որ դեպրեսիան եւ ինքնասպանությունը կապված են նյարդահաղորդիչների՝ սերոտոնինի, նորադրենալինի եւ դոֆամինի մակարդակի իջեցման հետ: Ծխելու ազդեցությունը հակադրվում է հակադեպրեսանտների ազդեցությանը է եւ կարող է նպաստել դեպրեսիվ եւ տագնապային ախտանիշներին` ինքնասպանության հավանական ազդարարողներին:



© NEWS.am Medicine