Գիտնականներն առաջարկել են COVID-19-ը բուժել ասպիրինով եւ այլ հակաբորբոքային միջոցներով

15:25   9 հուլիսի, 2021

Ասպիրինը եւ այլ հակաբորբոքային դեղամիջոցները կարող են արդյունավետ լինել կորոնավիրուսային վարակից բարդությունների դեմ պայքարում: Այս մասին հայտնում են Կանադայի Ալբերտայի համալսարանի գիտնականները: Նրանց նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Emergent Materials ամսագրում:

Հակաբորբոքային դեղերը խորհուրդ չեն տրվում COVID-19-ի վաղ փուլերում, քանի որ դրանք կարող են խանգարել օրգանիզմի՝ վիրուսի դեմ պայքարելու ունակությանը, հաղորդում է MedicalXpress-ը: Այնուամենայնիվ, նման դեղամիջոցները կարող են օգնել ավելի ուշ, երբ օրգանիզմում ծանր բորբոքային ռեակցիաներ են սկսում: Ասպիրինի նման հակաբորբոքային դեղամիջոցներն ավելի քիչ կողմնակի բարդություններ ունեն, քան ռեմդեզսվիրը կամ դեքսամետազոնը, նշում են մասնագետները:

Ասպիրինի հետ միասին հոդվածում առաջարկվում է հինգ այլ դեղամիջոց, որոնք կարող են օգտագործվել կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում. Ֆենոֆիբրատը՝ խոլեստերինի մակարդակի իջեցման համար, հակասնկային ֆլուկոնազոլը, իզոնիազիդ կոչվող հակաբակտերիալ միջոցը, ռեսվերատրոլ սննդային հավելումը եւ 2-մետօքսիէստրադիոլը՝ փորձարարական դեղամիջոց, որն օգտագործվել է կրծքի քաղցկեղի, ձվարանների քաղցկեղի եւ ռեւմատոիդ արթրիտի բուժման համար:





© NEWS.am Medicine