Կարո՞ղ է արդյոք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը չբավականացնել Հայաստանի քաղաքացիներին

21:22   13 հուլիսի, 2021

Քիչ հավանական է, որ Հայաստանում ծագեն խնդիրներ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հետ կապված: Այդ կարծիքն է հայտնել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանելով օգտատերերի հարցերին, թե չկա՞ արդյոք ռիսկ, որ օտարերկրացիների անվճար պատվաստման պատճառով պատվաստանյութերը կարող են չբավականացնել Հայաստանի քաղաքացիների համար:

Օգտատերերին, մասնավորապես, հետաքրքրել է հարցը՝ կարո՞ղ է արդյոք չբավականացնեն պատվաստանյութերի երկրորդ դեղաչափերը նրանց համար, ովքեր արդեն ստացել են առաջին չափաբաժինը:

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ մարդկանց չինական «Կորոնավակ» դեղամիջոցով պատվաստելով՝ մասնագետները հաշվում են, որպեսզի առաջին պատվաստանյութը ստացածները կարողանան ստանալ նաեւ երկրորդ դեղաչափը:

Ռուսական «Սպուտնիկ V»-ն կազմված է երկու տարբեր բաղադրիչներից, եւ յուրաքանչյուր մարդ, որը ստացել է առաջին բաղադրիչը, կստանա նաեւ երկրորդը:

Ինչ վերաբերում է «Աստրազենեկա» պատվաստանյութին, Անահիտ Ավանեսյանի խոսքով, արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի խնդիր չլինի մատակարարումների հետ կապված եւ պատվաստանյութերի պաշարները ժամանակին համալրվեն, որպեսզի քաղաքացիները կարողանան ստանալ նաեւ երկրորդ դեղաչափը ճիշտ ժամանակին:

«Ներկայում կարծում եմ, որ քիչ հավանական է, որ մենք խնդիրներ ունենանք այդ կապակցությամբ»,-ասել է Ավանեսյանը:



© NEWS.am Medicine