Անտառային հրդեհները մեծացնում են կորոնավիրուսով վարակման ռիսկը մոտակա քաղաքներում. հետազոտություն

11:45   22 հուլիսի, 2021

Անտառային հրդեհների փոքր մասնիկներից օդի աղտոտումը նպաստում է մոտակա քաղաքներում կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի աճին: Այս մասին հաղորդվում է Journal of Exposure Science and Environment Epidemiology-ում հրապարակված հետազոտության մեջ:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ անտառային հրդեհները մերձակա քաղաքներում օդի աղտոտման աղբյուր են՝ մինչեւ 2,5 միկրոմետր տրամագծով մասնիկներով (PM2,5): PM2.5 եւ PM10 մասնիկները առողջության վրա կեղտոտ օդի վնասակար ազդեցության կարեւորագույն պատճառներից են: Օդում դրանց բարձր կոնցենտրացիան կարող է մեծացնել մարդկանց զգայունությունը վիրուսների նկատմամբ, օրինակ՝ շնչուղիներում բորբոքման ուժեղացման հետեւանքով: Բացի այդ, այս մասնիկները կարող են նպաստել աէրոզոլում մանրէների եւ վիրուսների, ներառյալ SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածմանը:

Պարզելու համար, թե ինչպես են անտառային հրդեհներն ազդում կորոնավիրուսով վարակման ռիսկի վրա, ամերիկացի գիտնականները գնահատել են Նեւադա նահանգի Ռենո քաղաքը սպասարկող մեծ բժշկական ցանցում հարուցիչի դրական ՊՇՌ թեստերի հաճախականությունը: Հետազոտությունն ընդգրկել է 2020-ի օգոստոսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածը, երբ քաղաքը 43 օր տառապում էր անտառային հրդեհների ծխից, նրա բնակիչներն ավելի շատ էին ենթարկվում ծխի ազդեցությանը, քան հարեւան բնակավայրերի բնակիչները (դա կապված է ծխի հովտում գտնվելու վայրով, որում ծուխն ավելի երկար է մնում՝ բնական արգելքների պատճառով):

Հետազոտությունը ցույց է տվել, որ PM 2.5 մասնիկների ազդեցությունը կապված է կորոնավիրուսով վարակման դեպքերի 17,7% աճի հետ, համեմատած այն մակարդակի հետ, որը գիտնականները կանխատեսում էին հրդեհների բացակայության դեպքում:



© NEWS.am Medicine