Ի՞նչը կարող է հուշել հնարավոր թուլամտության մասին

19:28   26 հուլիսի, 2021

Տարեց մարդկանց մոտ լսողության հետ կապված խնդիրները մատնանշում են  թուլամտության բարձր ռիսկը։ Այս մասին նախազգուշացնում են Օքսֆորդի համալսարաի (Մեծ Բրիտանիա) եւ Համբուրգի համալսարանի (Գերմանիա) գիտնականները։

Ինչպես տեղեկացնում է Science Alert պարբերականը, 60-ից բարձր տարիքի ավելի քան 80 000 մարդկանց մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, որոնց մոտ նկատվել են լսողության հետ կապված խնդիրներ աղմկոտ իրադրությունում, ապագայում դեմենցիայի առաջացման բավական բարձր ռիսկ են ունեցել։ Լսողության վատացումն ինքնին դեմենցիայի ախտանշան չէ, այլ միայն ահազանգում է դրա հնարավորության մասին, ինչը թույլ է տալիս պացիենտներին միջոցներ ձեռնարկել կոգնիտիվ խախտումների կանխարգելման ուղղությամբ։

Մոտավորապես 11 տարի հետո 82 000 մարդուց բաղկացած խմբում 1285 մասնակցի մոտ առաջացել է թուլամտություն։ Վատ լսողությամբ մասնակիցների մոտ դեմենցիայի առաջացման ռիսկը գրեթե կրկնակի բարձր էր, քան նրանց մոտ, ովքեր լավ լսողություն ունեին։ Լսողությունը գնահատում էին սպիտակ աղմուկի ֆոնին բառերը տարբերելու ունակությամբ։

Գիտնականների խոսքով՝ լսողության պաշտպանությունը ականջակալների եւ ականջախցանների օգնությամբ, ինչպես նաեւ լսողական սարքերի օգնությամբ լսողության լավացումը կարող են օգնել նվազեցնելու դեմենցիայի առաջացման ռիսկի պոտենցիալ գործոնը։



© NEWS.am Medicine