Սուրճի չափից շատ քանակությունը կարող է վնասակար լինել ուղեղի համար. հետազոտություն

21:30   26 հուլիսի, 2021

Սուրճի չափից շատ քանակությունը կարող է վնասակար լինել ուղեղի առողջության համար։ Այսպիսի եզրակացության են եկել Հարավային Ավստրալիայի գիտնականները։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutritional Neuroscience-ում։

Գիտնականները վաղուց են ուսումնասիրում սուրճի կապը նյարդային համակարգի տարբեր ախտահարումների հետ։ Բայց նոր հետազոտությունը կարելի է անվանել ամենամեծն իր տեսակի մեջ։ Նրա հեղինակները համեմատել են ամեն օր խմվող սուրճի քանակությունն ուղեղի ծավալի փոքրացման հավանականության, ուղեղի կաթվածի եւ դեմենցիայի առաջացման ռիսկի հետ։ Հետազոտության ընտրանքում ներառվել է 37-73 տարեկան ավելի քան 17 700 մարդ։

Պարզվել է, որ սուրճի մեծ քանակության օգտագործումը կապված է գլխուղեղի ծավալի փոքրացման հետ։ Օրական 6 գավաթ եւ ավելի սուրճը կարող է մեծացնել ուղեղի կաթվածի  ռիսկը 17 եւ դեմենցիայինը՝ 53 տոկոսով։

Հետազոտության առաջատար հեղինակ, պրոֆեսոր Էլինա Հիփյոնենը տեղեկացրել է, որ այս նորությունը կարող է վշտացնել այդ ըմպելիքի շատ սիրահարների։ Սակայն նա համոզված է, որ մարդիկ պետք է հիշեն խմած սուրճի քանակության եւ առողջության վրա նրա  հնարավոր ազդեցությունների հավասարակշռության մասին։ Չափավորությունը, ինչպես եւ շատ այլ դեպքերում, առողջության գրավականն է։



© NEWS.am Medicine