Նոր սահմանափակումնե՞ր. Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում կարո՞ղ են պարտադիր դառնալ

14:05   26 հուլիսի, 2021

Հայաստանում մշակվում է սահմանափակումների նոր փաթեթ, որը այժմ շրջանառության փուլում է եւ օգոստոսի երկրորդ կեսին կներկայացվի հանրությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով հարցերին այն մասին, թե կարող են արդյոք պատվաստումները դառնալ պարտադիր:

«Սա հանրային վտանգ ներկայացնող հիվանդություն է, եւ մենք տեսնում ենք, թե երկրները, երբ այն դուրս է գալիս կառավարելիության շրջանակից, ինչպիսի կոլապսային իրավիճակում են հայտնվում, ոչ միայն առողջապահական համակարգերը, այլ նաեւ երկրի թե տնտեսությունը, թե հանրային առողջապահական ամբողջ գործընթացը: Դրսեւորելով հանրային պատասխանատվություն, դրսեւորելով մեկս մեկին պաշտպանելու եւ ի վերջո հանրային իմունիտետ ստեղծելու համար ամեն քաղաքացի պետք է ակտիվ կերպով իր ներդրումը ունենա», - ասաց Ավանեսյանը:

Նրա խոսքով, շատերը այսօր հասկանում են, որ պիտի պատվաստվեն, բայց անընդհատ հետաձգում են այդ գործընթացը: Խնդիրն այն է, որ Հայաստանում դեռ չկա հիվանդությունները կանխարգելելու, առողջության մասին դեռ առողջ վիճակում հոգ տանելու մշակույթը:



© NEWS.am Medicine