Ուռուցքաբանը պատմել է աղիների քաղցկեղից մահացած պացիենտների սիրելի ուտելիքի մասին

19:34   29 հուլիսի, 2021

Ուռուցքաբան Իվան Կարասեւը (Ռուսաստան) պատմել է աղիների քաղցկեղից մահացած պացիենտների սիրելի ուտելիքի մասին։

Իր Instagram-ում բժիշկը գրել է, որ ամերիկյան Դանա Ֆերբեր ուռուցքաբանական ինստիտուտի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել շատ հետաքրքիր արդյունքներ։ Հաստ աղիի քաղցկեղ ունեցող 900 պացիենտների նորմալ եւ ուռուցքային հյուսվածքների նմուշների ԴՆԹ անալիզից հետո գիտնականները հայտնաբերել են հաստ աղիի բջիջների ալկիլացնող մուտացիոն հետքեր։

Պարզվել է, որ քաղցկեղ առաջացնող ԴՆԹ ախտահարումները կապված են մեծ քանակությամբ կարմիր միս օգտագործելու հետ։ Ընդ որում՝ թռչնամսի կամ ձկան օգտագործումը այդ ցուցանիշի վրա չի ազդել, ինչպես եւ կենսակերպի հետ կապված այլ գործոնները։

Հետազոտողների տվյալներով՝ ԴՆԹ ախտահարումների ավելի բարձր մակարդակներ ունեցող պացիենտների մոտ մահվան ռիսկը հաստ աղիի քաղցկեղից 47 տոկոսով ավելի բարձր է եղել։



© NEWS.am Medicine