COVID-19-ի տեւողությունը «դելտա» շտամով վարակվելու դեպքում ավելացել է. մասնագետներ

11:44   30 հուլիսի, 2021

COVID-19-ով հիվանդության տեւողությունը «դելտա» շտամով վարակվելու դեպքում ավելացել է, իսկ ահա ինկուբացիոն շրջանը՝ կրճատվել։ Այս մասին տեղեկացրել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի Համաճարակաբանության ԿԳՀԻ գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն, ՌԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Գորելովը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Իսկապես, «դելտա» շտամի գենոտիպը բնութագրվում է վիրուսի ավելի արագ տարածմամբ եւ հիվանդության ավելի ծանր ընթացքով»,- ասել է նա՝ ավելացնելով, որ հիվանդության տեւողությունն ավելացել է, որովհետեւ վարակն ավելի ծանր է ընթանում։

Գորելովը նշել է, որ ինչպես եւ այլ շտամների դեպքում, հիվանդության ծանրությունը հիմնականում որոշվում է վիրուսային բեռնվածությամբ, որը ստացվում է վարակվելիս, եւ իմունիտետի վիճակով։ Նա ընդգծել է, որ կորոնավիրուսից պաշտպանվելու համար պետք է պատվաստվել։



© NEWS.am Medicine