Մինչեւ 2050թ. դեմենցիայով մարդկանց թիվն աշխարհում կեռապատկվի. հետազոտություն

17:35   30 հուլիսի, 2021

Մինչեւ 2050թ. դեմենցիայով մարդկանց թիվն աշխարհում կեռապատկվի։ Այս մասին մասնագետները տեղեկացրել են Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի ասոցիացիայի վիրտուալ միջազգային գիտաժողովում։

Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները կարծում են, որ մինչեւ 2050թ. դեմենցիայով պացիենտների թիվը կհասնի 152 միլիոնի։ Ընդ որում՝ հիվանդացության ամենամեծ բաժինը կունենան Աֆրիկան եւ Մերձավոր Արեւելքը։

Գիտնականների խոսքով՝ կրթության հասանելիության բարելավումը կարող է կանխել դեմենցիայի 6,2 մլն դեպք մինչեւ 2050թ.։ Սակայն սպասվող միտումները, որոնք վերաբերում են ծխելուն, մարմնի զանգվածին եւ արյան մեջ շաքարի մակարդակին, կհանգեցնեն հիվանդության լրացուցիչ 6,8 դեպքերի։

«Կենսակերպի բարելավումը զարգացած երկրներում եւ այլ վայրերում, ներառյալ կրթության հասանելիության բարելավումը եւ սրտի առողջության հանդեպ ուշադրությունը, նվազեցրել են հիվանդացությունը վերջին տարիներին, բայց դեմենցիայի դեպքերի ընդհանուր թիվը մեծանում է բնակչության ծերացման հետ կապված։ Բացի այդ, ճարպակալումը, դիաբետը եւ նստակեցությունը ավելի են տարածվում երիտասարդների շրջանում։ Դրանք դեմենցիայի ռիսկի գործոններ են»,- ասել է Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի ասոցիացիայի առաջատար գիտաշխատող Մարիա Կարիլոն։

Ծերացման ամերիկյան ազգային ինստիտուտի տվյալների համաձայն՝ մինչեւ 2050թ. 65-ից բարձր տարիքի մարդիկ կկազմեն մոլորակի բնակչության 16 տոկոսը։



© NEWS.am Medicine