Ազդո՞ւմ է արդյոք տեստոստերոնի մակարդակը կյանքում հաջողելու գործում

16:11   1 օգոստոսի, 2021

Տեստոստերոնն այնքան չի ազդում կյանքում հաջողելու հարցում, որքան համարվում է: Այդ մասին հաղորդվում է Science Advances-ում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ ներկայում լայնորեն տարածված է կարծիքը, որ տղամարդկանց արյան մեջ տեստոստերոնի մակարդակը կապված է սոցիալ-տնտեսական դիրքի հետ: Համարվում է, որ առավել բարձր կոնցենտրացիայով տղամարդիկ ավելի հաճախ ունեն կրթական կամ եկամտի բարձր մակարդակ: Կանանց շրջանում հակառակն է. այդ հորմոնը կապում են բացասական կանխատեսումների հետ:

Հասկանալու համար արդյո՞ք տեստոստերոնի մակարդակն ազդում է հաջողակ լինելու վրա, Մեծ Բրիտանիայից եւ Նորվեգիայից գիտնականներն անցկացրել են խոշոր հետազոտություն՝ կիրառելով գենետիկ մեթոդներ: Գիտնականներն ընտրությունը կատարել են բրիտանական Կենսաբանկի ավելի քան 306 000 մասնակիցների շրջանում: Նրանք առանձնացրել են գենետիկ տարբերակներով մարդկանց, որոնք կապված են տեստոստերոնի բարձր մակարդակի հետ, որոնց շրջանում հորմոնի բարձր կոնցենտրացիայի վրա չպետք է ազդեն սոցիալական եւ այլ պայմանները: Ուստի նրանց մասին տվյալները կարող են բարձր հուսալիությամբ վկայել՝ արդյո՞ք կապված է տեստոստերոնը հաջողելու հետ:

Գիտնականները համեմատել են տեստոստերոնի կապը եկամտի, աշխատանքի բնույթի, բնակության վայրի, որակավորման, ռիսկի նկատմամբ հակվածության եւ առողջական վիճակի հետ:

Պարզվել է, որ տեստոստերոնի գենետիկորեն դետերմինացված բարձր մակարդակը գրեթե կապված չէ կանանց եւ տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշների հետ:

Գիտնականների խոսքով՝ կյանքում հաջողելու հարցում տեստոստերոնի մասին միֆերը դեռեւս շատ տարածված են, սակայն, ըստ ամենայնի, իրականում այդ հորմոնն այնքան էլ կարեւոր չէ սոցիալ-տնտեսական կարգավիճակի համար, ինչպես ընդունված էր համարել:



© NEWS.am Medicine