Ճառագայթման միջոցով սննդամթերքի ախտահանում. Անվտա՞նգ է արդյոք դա

19:31   3 օգոստոսի, 2021

Միջուկային տեխնոլոգիաներն այսօր օգտագործվում են ոչ միայն էներգետիկայի ոլորտում, այլեւ շատ այլ ոլորտներում, այդ թվում՝ սննդամթերքի վերամշակման եւ ախտահանման համար: Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության գիտական-վերլուծական աշխատանքի բաժնի առաջատար մասնագետ Ալեքսանդր Զայցեւի խոսքով, ճառագայթմամբ մշակված արտադրանքը կարող է շատ ավելի երկար պահպանվել, ավելին՝ նման ախտահանումը նույնիսկ ավելի անվտանգ է, քան մթերքների մշակումը քիմիական նյութերով:

Պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին՝ Ալեքսանդր Զայցեւն ասաց, որ սննդամթերքները փչանում են իրենց մեջ բնակվող միկրոօրգանիզմների պատճառով: Դեղձի մեջ, օրինակ, ապրում են տարբեր միկրոօրգանիզմներ եւ սնկեր, որոնք ուտում են պտուղը ու արտադրում որոշակի նյութեր, եւ այս ամենը հանգեցնում է նրան, որ դեղձը փչանում է: Իհարկե, այն կարելի է մշակել որոշ քիմիական նյութերով, եւ այդ դեպքում մանրէները նման դեղձը չեն ուտի, եւ այն ավելի երկար կպահպանվի: Սակայն մարդու համար նման դեղձը որոշ դեպքերում կարող է այնքան էլ անվտանգ չլինել:

Իոնացնող ճառագայթմամբ մշակումը, ըստ մասնագետի, քիմիական կոնսերվանտների օգտագործման արդյունավետ այլընտրանք է: Ճառագայթման (գամմա-ճառագայթների, ռենտգենյան ճառագայթների կամ էլեկտրոնային փնջի) ազդեցությամբ մթերքի միկրոօրգանիզմներն ու միջատները մահանում են (կամ դրանց թիվը զգալիորեն կրճատվում է), ինչը երկարացնում է մթերքի պահպանման ժամկետը: Նման վերամշակումից հետո մթերքը կարող է երկար ժամանակ պահպանվել նույնիսկ սենյակային ջերմաստիճանում:

Միեւնույն ժամանակ, ճառագայթումը չի ազդում հենց մթերքի վրա, եւ դրա բնութագրերը չեն փոխվում: Միայն միկրոօրգանիզմներն են մահանում, մթերքը օգտագործման համար մնում է անվտանգ:

Այս տեխնոլոգիայի օգնությամբ, ըստ մասնագետի, մշակում են հացահատիկները, ընկուզեղենը, ընդեղենը, չրերը, թարմ եւ սառեցված մրգերն ու բանջարեղենը, միսը, ձուկը, ծովամթերքը եւ շատ այլ բաներ: Այս տեխնոլոգիան ներկայումս օգտագործվում է աշխարհի ավելի քան 40 երկրներում: Հայաստանում, ըստ մասնագետի, նշված տեխնոլոգիան դեռեւս անհասանելի է:

Զարգացած երկրներում կան սննդամթերքի ճառագայթային մշակման միջպետական չափորոշիչներ, որոնք նկարագրում են իոնացնող ճառագայթմամբ մթերքի ախտահանման գործընթացի անցկացման եւ վերահսկման բոլոր պահանջները:

Նշենք, որ այս տարի Հայաստանի միջուկային ոլորտը նշում է իր 55-ամյա հոբելյանը, որի պատվին Երեւանում անցկացվել է Ատոմային տեխնոլոգիաների երեկո, որի ընթացքում Ալեքսանդր Զայցեւը եւ նրա գործընկերները պատմել են միջուկային տեխնոլոգիաների կիրառման այլընտրանքային մեթոդների մասին: Միջոցառումը կազմակերպել էր ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիան՝ ՀՀ ԳԱԱ Վ. Ա. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի հետ համատեղ։



© NEWS.am Medicine