Ինչու՞ է կորոնավիրուսի «դելտա» շտամը համարվում առավել վտանգավոր

11:40   21 օգոստոսի, 2021

Կորոնավիրուսի «դելտա» շտամն այսօր մեծ տարածում ունի աշխարհում: Հայաստանում եւս արդեն գրանցվել են այս շտամով վարակվածության դեպքեր:

Ի՞նչ է իրենից ներկայացնում այս շտամը, եւ ինչո՞ւ է այն համարվում ամենավտանգավորը:

«Դելտա» շտամով վարակման առաջին դեպքը գրանցվել է Հնդկաստանում (Մահարաշտրա նահանգ), ուստի այն նաեւ կոչվում է հնդկական շտամ: Այս տարբերակը կրում է միանգամից երկու այլ մուտացիաների գենետիկական ծածկագիրը, ինչը հեշտացնում է դրա ներթափանցումը մարդու օրգանիզմ:

Նոր շտամը ունի մի շարք առանձնահատկություններ.

Արագ փոխանցում

ԱՀԿ-ի տվյալներով՝ «դելտա» շտամի փոխանցման արագությունը մոտ 40 տոկոսով բարձր է, քան «ալֆա» տարբերակինը (բրիտանական շտամ), որն իր հերթին 40 տոկոսով ավելի վարակիչ է, քան վարակի սկզբնական շտամը:

Բարդությունների ծանրությունը

Համարվում է, որ «դելտա» տարբերակով վարակը ուղեկցվում է հիվանդության ավելի ծանր ընթացքով եւ բարդություններով, քան վարակի նախորդ շտամները: «Դելտան», փորձագետների խոսքով, կարող է հոսպիտալացված հիվանդների թվի աճի պատճառ դառնալ: Բացի այդ, վարակված հիվանդների մոտ թրոմբի առաջացման եւ այլ բարդությունների բարձր ռիսկ կա:

Ախտանիշներ

«Դելտա» շտամով վարակվելու դեպքում կարող են առաջանալ հետեւյալ ախտանիշները.

«Դելտա» տարբերակը եւ պատվաստանյութերը

Գիտնականները հնարավոր են համարում, որ պատվաստանյութերը կարող են այնքան էլ արդյունավետ չլինել կորոնավիրուսի մուտացիայի ենթարկված նոր տարբերակների, այդ թվում՝ «դելտայի» դեմ: Հետազոտության տվյալների համաձայն՝ այս շտամն ունի մուտացիաներ, որոնք թույլ են տալիս դրան խուսափել պատվաստանյութերի կամ կորոնավիրուսային վարակի հետեւանքով առաջացած հակամարմիններից: Միեւնույն ժամանակ, պատվաստանյութի երկու չափաբաժինների ներարկմամբ պայմանավորված իմունիտետի ձեւավորումից հետո շատ մարդկանց պաշտպանվածությունը վարակից կարող է զգալի մակարդակի հասնել:



© NEWS.am Medicine