Փոխպատվաստումը Հայաստանում կարող է մրցունակ լինել նույնիսկ միջազգային մակարդակով. իտալացի մասնագետ

19:30   11 օգոստոսի, 2021

Հայաստանում փոխպատվաստումը կարող է մեծ ապագա ունենալ եւ մրցունակ լինել նույնիսկ միջազգային մակարդակով: NEWS.am Medicine-ի հետ ցազրույցում նման կարծիք է հայտնել ուռուցքաբան եւ արյունաբան Լոուրենս Ֆոլքները (Իտալիա):

Վերջերս Հայաստանում առաջին անգամ կատարվեց ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստման երկու վիրահատություն, եւ բժիշկ Ֆոլքերը եկավ օգնելու իր հայ գործընկերներին եւ կիսվելու իր փորձով: Մինչ այդ նա աշխատել է ինչպես Իտալիայում, այնպես էլ Հնդկաստանում. երկու երկրներում էլ փոխպատվաստումը բավականին զարգացած է:

Իտալիայում, մասնագետի խոսքով, ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստումն իրականացվում է արդեն 40 տարի: Հնդկաստանում այս ոլորտում փորձը նույնպես բավականին մեծ է: Ճիշտ է, երկու երկրներում էլ այդ վիրահատությունները տարբեր կերպ են կազմակերպվում. Իտալիայում փոխպատվաստումներն իրականացվում են պետական ​​հիվանդանոցներում, իսկ Հնդկաստանում՝ մասնավոր բժշկական կենտրոններում: Բայց քանի որ Հնդկաստանն ինքն է արտադրում իր դեղամիջոցները, իսկ բուժքույրերի աշխատավարձերը բավականին ցածր են, վիրահատության արժեքը նույնպես այնտեղ ավելի ցածր է. եթե Իտալիայում ոսկրածուծի փոխպատվաստումն արժե մոտ 150.000 եվրո, Հնդկաստանում՝ այդ գումարի կեսից պակաս:

Հայաստանում, ըստ մասնագետի, վիրահատությունը չի կարժենա ավելի շատ, քան Հնդկաստանում, կամ գուցե՝ նույնիսկ ավելի էժան, եւ դա երկիրը շատ մրցունակ կդարձնի միջազգային մակարդակով. այլ երկրներից հիվանդները կցանկանան Հայաստան գալ փոխպատվաստման համար: Բացի այդ, Հայաստանում կան նաեւ այլ առավելություններ. մասնավորապես, այդ վիրահատությունները կատարվում են պետական ​​հիվանդանոցում, որը շահույթ չի հետապնդում եւ որը կարող է հետվիրահատական ​​պատշաճ խնամք ապահովել հիվանդների համար:

«Ես շատ լավատես եմ Հայաստանում փոխպատվաստման ապագայի վերաբերյալ: Թիմը պրոֆեսիոնալ է, ավելին՝ կան շատ պրոֆեսիոնալ բուժքույրեր, ովքեր ամենից շատ են ժամանակ անցկացնում հիվանդների հետ եւ կարեւոր դեր են խաղում բազմաթիվ խնդիրների եւ բարդությունների կանխարգելման եւ վաղ հայտնաբերման գործում»,- ասել է Լոուրենս Ֆոլքները:



© NEWS.am Medicine