Հայաստանը արդեն պատրաստ է սառցային շղթա պահանջող պատվաստանյութեր ընդունել եւ բաշխել. Անահիտ Ավանեսյան

13:08   2 սեպտեմբերի, 2021

Նախորդ տարի Հայաստանում չկային սառնարանային պայմաններ, սակայն վերջին ամիսներին դրանք համալրվել են: Այս պահին երկիրը արդեն պատրաստ է սառցային շղթա պահանջող պատվաստանյութերի ընդունման եւ բաշխմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նման պատվաստանյութերի թվին է պատկանում, օրինակ, Pfizer-ի պրեպարատը:

Նախարարի խոսքով, կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութեր Հայաստանում լինելու են, բայց կոնկրետ ժամանակահատվածները դեռ հայտնի չեն:

Անահիտ Ավանեսյանը նաեւ նշեց, որ մարդիկ Հայաստանում այժմ ավելի տեղեկացված են պատվաստանյութերի մասին. Նրանք տեսնում են, որ իրենց աշխատակիցը, հարեւանը, բարեկամը պատվաստվում են, եւ նրանց ոչինչ չի պատահում, եւ մարդկանց մոտ վստահությունը բարձրանում է:



© NEWS.am Medicine