Ի՞նչ չի կարելի անել կաթվածի դեպքում

21:37   14 սեպտեմբերի, 2021

Ճնշումն իջեցնող դեղամիջոցների ընդունումը ինսուլտի ժամանակ կարող է մահացու լինել: Այս մասին նախազգուշացրել է բժիշկ եւ հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը:

ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ՝ բարձր ճնշումը դառնում է ուղեղի երակների թրոմբոզի պատճառ, սակայն կաթվածի դեպքում այն ​​զգալիորեն իջեցնելն անհնար է:

«Փորձում եք իջեցնել ճնշումը՝ դրանով իսկ սպանելով մարդուն: Բժիշկն իրավունք ունի իջեցնել ճնշումը սկզբնականից ոչ ավելի, քան քսան տոկոսով, այն էլ՝ որոշակի պահի»,- ասել է մասնագետը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ ճնշման իջեցումը հրահրում է ուղեղի, սրտի եւ երիկամների պերֆուզիայի ճնշման անկում, ինչը կարող է մահացու լինել: Բժիշկը նշել է, որ երբ ընտրություն առաջ եք կանգնում՝ տա՞լ դեղը, թե՞ ոչինչ չանել, ավելի լավ է ընտրել երկրորդ տարբերակը, քանի որ դեղամիջոցը կարող է բացասաբար ազդել:

Կաթվածի դեպքում խորհուրդ է տրվում չկատարել ինքնուրույն գործողություններ եւ հիվանդին հնարավորինս շուտ հասցնել հիվանդանոց. որքան շուտ նա հայտնվի հիվանդանոցում, այնքան ավելի մեծ կլինի ողջ մնալու եւ վերականգնվելու հնարավորությունը: Ցանկալի է հիվանդին հիվանդանոց հասցնել ինսուլտի ախտանիշների ի հայտ գալուց հետո երեք ժամվա ընթացքում:

 



© NEWS.am Medicine