Թեյի մեջ բազմաթիվ պոտենցիալ վտանգավոր միացություններ են հայտնաբերել

11:40   17 սեպտեմբերի, 2021

Թրմած թեյի մեջ 60 հայտնի ենթամթերքների մակարդակը զգալիորեն ցածր է, քան ծորակի սկզբնական ջրի մեջ: Սակայն թեյի մեջ կա մոտ 500 միացություն, որոնք կարող են արձագանքել քլորին եւ հանգեցնել նոր, դեռ անհայտ եւ, հնարավոր է, վնասակար կողմնակի մթերքների ձեւավորմանը: Այս մասին ասվում է Environmental Science & Technology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, երբ եռացրած ծորակի ջուրը օգտագործվում է թեյ պատրաստելու համար, այն ախտահանելու համար օգտագործվող մնացորդային քլորը կարող է արձագանքել թեյի միացություններին՝ առաջացնելով, այսպես կոչված, ախտահանման կողմնակի մթերքներ (ԱԿՄ), որոնցից շատերը զգալի կոնցենտրացիաներով վտանգավոր են առողջության համար:

Հարավային Կառոլինայի համալսարանի ամերիկացի հետազոտողները, Տյանցզինի համալսարանի չինացի գործընկերների հետ, չափել են 60 հայտնի ԱԿՄ-ների մակարդակը թեյի երեք հայտնի ապրանքանիշներում՝ կանաչ Twinings, սեւ Earl Grey ու Lipton, եւ անսպասելիորեն պարզել են, որ այդ նյութերի մակարդակը թրմած թեյի մեջ ավելի ցածր է, քան ծորակի ջրում: Հեղինակները դա բացատրում են նրանով, որ միացություններից շատերը թրմելիս գոլորշիացել են կամ կլանվել են թեյի տերեւների կողմից:

Միեւնույն ժամանակ, գիտնականները պատրաստի թեյի մեջ բազմաթիվ անհայտ ԱԿՄ-ներ են հայտնաբերել: Այս նյութերի ազդեցությունը մարդու առողջության վրա ուսումնասիրված չէ, սակայն, ըստ հեղինակների, թեյը պարունակում է մոտ 500 միացություն, ներառյալ պոլիֆենոլներ, ամինաթթուներ, կոֆեին եւ այլն, որոնք կարող են արձագանքել քլորին՝ առաջացնելով ԱԿՄ: Դրանցից ոմանց առումով նախկինում ապացուցվել է, որ կապված են հղիության եւ ծննդաբերության ժամանակ քաղցկեղի ու բարդությունների առաջացման հետ:

 



© NEWS.am Medicine