Աղիների մանրէները կարո՞ղ են խանգարել նիհարելուն

21:41   17 սեպտեմբերի, 2021

Նիհարելու փորձերի արդյունավետությունը կապված է ոչ միայն նրա հետ, թե մարդը որքան է ուտում եւ շարժվում, այլ նաեւ աղիների միկրոբիոտայի հետ: Սա պարզել են Սիեթլի համակարգային կենսաբանության ինստիտուտի գիտնականները:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ գիտնականները վերլուծել են ավելորդ քաշի դեմ պայքարի մասշտաբային ծրագրի մոտ 100 մասնակցի տվյալները: Նրանցից կեսին հաջողվել է 6-12 ամսվա ընթացքում կորցնել քաշի 1 տոկոսը, մնացածների քաշը մնացել է կայուն:

Մասնագետները գենետիկական հետազոտություն են անցկացրել մասնակիցների արյան եւ աղիների պարունակության վերաբերյալ: Նրանք հայտնաբերել են աղիների միկրոբիոմի 31 առանձնահատկություն այն մարդկանց մոտ, ովքեր տարբեր կերպ են արձագանքել քաշի կորստի ծրագրին: Այդ տարբերությունները կապված են մանրէների՝ ածխաջրերն ու սպիտակուցները քայքայելու, սթրեսին արձագանքելու եւ բազմանալու ունակության հետ:

Պարզվել է, նրանց մոտ, ովքեր նիհարելիս դժվարությունների հետ են բախվում, ավելանում է օսլան շաքարի մեջ քայքայելու ունակությունը, որը ներծծվում է աղիների մեջ: Գիտնականների կարծիքով՝ աղիների մանրէներն արձագանքում են նիհարելու ծրագրին՝ փոխելով իրենց ֆերմենտային ակտիվությունը: Նրանք կարծում են, որ միկրոբիոտան «խոշոր խաղացող» է, որը մասնակում է ավելորդ քաշի դեմ պայքարի հաջողության որոշմանը:

«Մեր տվյալները ընդգծում են, որ աղիների միկրոբիոմը կարեւոր զտիչ է մեր ընդունած սննդի եւ արյան շրջանառության միջեւ: Նիհարելը կարող է հատկապես դժվար լինել, երբ մեր մանրէները դանդաղեցնում են իրենց աճը, ինչպես նաեւ քայքայում են սննդի մանրաթելերը մինչեւ էներգիայով հարուստ շաքար: Շաքարն ընկնում է արյան մեջ, նախքան մանրէները հասցնում են քայքայել դրանք մինչեւ օրգանական թթուներ», - ասել է հետազոտության համահեղինակ Քրիստիան Դայները:



© NEWS.am Medicine