Քովիդ-19 վիրուսային վարակ է և չի բուժվում հակաբակտերիալ դեղորայքով. թոքաբան

19:10   20 սեպտեմբերի, 2021

Անգամ եթե կորոնավիրուսային վարակի ֆոնին զարգանում է թոքաբորբ, ոչ բոլոր դեպքերում է ցուցված հակաբակտերիալ բուժում, իսկ 92% դեպքերում հակաբիոտիկներ առհասարակ ցուցված չեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թոքաբան Նունե Ազիզյանը:

Մասնագետը, մասնավորապես, գրել է:

«Քովիդ-19 վիրուսային վարակ է և չի բուժվում հակաբակտերիալ դեղորայքով: Անգամ եթե զարգանում է թոքաբորբ, ոչ բոլոր դեպքերում է ցուցված հակաբակտերիալ բուժում, իսկ 92% դեպքերում հակաբիոտիկներ առհասարակ ցուցված չեն:

Եթե Քովիդ-19 ի հայտ գալուն պես շատ էր նշանակվում ազիտրոմիցին հակաբիոտիկը, ներկա պահին իր դերը ևս մնաց չապացուցված, և առաջին օրվանից այն այլևս չի նշանակվում:

Շատ են լինում դեպքեր, երբ պացիենտը դիմում է արդեն մի քանի հակաբիոտիկ ընդունած և, երբ իրոք կարիքն է լինում, բժիշկին մնում են սահմանափակ քանակով հակաբիոտիկներ նշանակման համար:

Մի զբաղվեք ինքնաբուժմամբ և մի չարաշահեք հակաբիոտիկները»:



© NEWS.am Medicine