Ինչպե՞ս կանգնեցնել մազաթափությունը COVID-19-ից հետո

15:26   21 սեպտեմբերի, 2021

Մազաթափությունը տարածված խնդիր է, որին բախվում են COVID-19-ով հիվանդացած շատ մարդիկ։ Մազերի կորուստը կարող է սկսվել ոչ անմիջապես. երբեմն մարդը խնդիրը հայտնաբերում է հիվանդությունն սկսվելուց 3-4 շաբաթ, երբեմն էլ՝ ապաքինվելուց 2 ամիս հետո։

Ինչպե՞ս կարելի է հաղթահարել մազաթափությունը կորոնավիրուսային վարակից հետո։

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, մաշկաբան Յուլյա Նագայցեւան խորհուրդ է տալիս մազաթափության դեմ պայքարելու համար դիմել մասնագետի, որը կպարզի, թե ինչ տարրեր են պակասում օրգանիզմում, իսկ հետո կնշանակի լիարժեք բուժում։

Նագայցեւայի դիտարկումներով՝ մազերի աճը խթանող սովորական դեղամիջոցները հետքովիդային համախտանիշի ֆոնին կարող են եւ չօգնել։ Ուստի, մազերը պահպանելու ինքնուրույն փորձերը՝ դեղատնից այս կամ այն միջոցը գնելով, կարող են միայն իզուր ծախսերի հանգեցնել։

«Պացիենտների մեծ մասի անալիզներում կա նյութերի պակաս, որոնք ավելի ինտենսիվ «մազաթափության» կարող են հանգեցնել։ Մասնագետը կնշանակի լիարժեք թերապիա՝ դեղամիջոցներով, վիտամինային կոմպլեքսներով, միկրոտարրերով։ Կան պացիենտներ, որոնց նշանակվում են անգամ ներարկումներ։ Եվ արտաքին թերապիա՝ որպես ուղեկցում։ Այսպիսի բուժումը կարող է նշանակել միայն բժիշկը։ Մանավանդ որ սովորական դեղամիջոցները հետքովիդային համախտանիշի դեպքում միանգամայն այլ կերպ են ազդում»,- ասել է Նագայցեւան։

Հաճախ կորոնավիրուսով վարակված եւ այդ վարակը հաղթահարծ մարդկանց մոտ ախտորոշում են անդրոգեն ալոպեցիա կամ սպիաձեւ փոփոխություններ, որոնց դեպքում ընդհանրապես դադարում է մազերի աճը։

«Կա պացիենտների ոչ մեծ տոկոս, որոնց մոտ կան աուտոիմուն փոփոխություններ, այսինքն՝ մազերի կորստի բնային ձեւեր, օջախային ախտահարումներ»,- ավելացրել է բժիշկը։

Հետաքրքիր է, որ COVID-19-ից հետո մազերի աճը առանց բժշկական օգնության վերականգնվում է միայն ոչ շատ պացիենտների մոտ։ Ընդ որում՝ շատ բան կախված է պացիենտի առողջությունից եւ տարիքից. երիտասարդի համար մազերի վերականգնման շանսերն ավելի շատ են, քան տարեցի։



© NEWS.am Medicine