Ճարպակալման եւ ինսուլինառեզիստենտության պատճառը կարող է լինել մեջընդերքի ավշային համակարգի դիսֆունկցիան՝ մարդու մարսողական համակարգի օրգան, որի միջոցով որովայնի խոռոչի օրգանները կցվում են որովայնի հետեւի պատին: Սա նկարագրված է մի ուսումնասիրության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Nature Metabolism ամսագրում:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Մոնաշի համալսարանի Մելբուռնի դեղագործական գիտությունների ինստիտուտի գիտնականները, Մելբուռնի համալսարանի, Օքլենդի համալսարանի եւ Հարավային Ավստրալիայի համալսարանի գործընկերների հետ նախակլինիկական հետազոտության արդյունքում պարզել են, որ ճարպով հարուստ սննդակարգը խթանում է մեջընդերքում ոլորուն եւ ճյուղավորվող ավշային անոթների ցանցի ձեւավորմանը։
Այս անոթները, որոնք կոչվում են մեզենտերիալ,հակված են բաց թողել լիմֆատիկ հեղուկը, որը հարուստ է աղիքային լիպիդային մետաբոլիտներով եւ բորբոքային մեդիատորներով, որովայնի խոռոչի ճարպային հյուսվածքների մեջ, ինչը առաջացնում է որովայնի ճարպի կուտակում եւ հանգեցնում է ինսուլինառեզիստենտության։
Գիտնականները նաեւ ներկայացրել են փորձարարական ապացույցներ, որ այս ցիկլին միջամտելը կարող է լինել նոր բուժում ինչպես ճարպակալման, այնպես էլ մետաբոլիկ հիվանդությունների դեպքում: Երբ լաբորատոր մկներին ներարկվել է ցիկլօքսիգենազ COX-2 լիմֆատիկ ինհիբիտոր, կենդանիների մոտ նորմալացվել է մեզենտերիալ ավշային անոթների ցանցի կառուցվածքը, քաշի ավելացումն արգելափակվել է, իսկ գլյուկոզայի հանդեպ անհանդուրժողականությունը եւ հիպերինսուլինեմիան, 2-րդ տիպի շաքարախտի հետ կապված պայմանները վերացվել են: