Սեպտեմբերի 21-ը Ալցհայմերի հիվանդության իրազեկման միջազգային օրն է

11:10   22 սեպտեմբերի, 2021

Սեպտեմբերի 21-ը Ալցհայմերի հիվանդության իրազեկման համաշխարհային օրն է․ այսօր ազդարարվում է մեկամսյակի մեկնարկը։ Հայաստանում նույնպես նախատեսվում է մեկ ամիս շարունակ իրականացնել  Ալցհայմերի հիվանդության մասին հանրային իրազեկման աշխատանքներ։ Ծերացող բնակչության պայմաններում Ալցհայմերի հիվանդության և ծերունական թուլամտության այլ դրսևորումները տարածված են ու բարձր ռիսկ ունեն նաև Հայաստանում:

ՀՀ առողջապահության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների աջակցությամբ այս տարի օրվան ընդառաջ <<Ալցհայմերի խնամք Հայաստան>> կազմակերպությունը իրազեկման միջոցառումների շրջանակում տպագրել և նախատեսում է քաղաքացիների շրջանում տարածել իրազեկող թերթիկներ, ինչպես նաև մասնագիտական ուղեցույց՝ նախատեսված բժիշկների և բուժաշխատողների, խնամատարների և սոցաշխատողների համար։ 10․000 հազար օրինակով ուսուցողական նյութերը կտարածվեն հանրապետության մարզերի բոլոր բուժհիմնարկներում ու ամբուլատորիաներում, ինչպես նաև տարեցների խնամքի հաստատություններում և մասնագիտացված կլինիկաներում։

Ուղեցույցն օգտակար և ինֆորմատիվ գործիք է՝ հեշտ ընթերցելու և ըմբռնելու համար։ Այն նախատեսված է բոլոր այն անձանց համար, որոնք Հայաստանում խնամում են Ալցհայմերի հիվանդություն և ծերունական թուլամտության այլ տեսակներ ունեցող իրենց հարազատներին: Այն կարող է նաև որպես ուղեցույցը կիրառվել Հայաստանի բոլոր բժշկական կենտրոններում և խնամքի հաստատություններում:

Հանրամատչելի եղանակով ուղեցույցը ներկայացնում է Ալցհայմերի հիվանդության ախտանշանները և էտապները, վաղ հայտնաբերման ու կանխարգելման  հնարավորությունները, միֆերն ու խարանը, ու ամենակարևորը՝  հիվանդությունն ունեցող անձի հետ հաղորդակցման հմտությունները և թե ում դիմել նման խնդրի առկայության դեպքում։ Ուղեցույցը բուժհաստատություններ ուղարկելուց առաջ սեպտեմբերի 29-ին ժամը 17։00-ին անցկացվելիք վեբինարի շրջանակում բժիշկներին ու բուժաշխատողներին կներկայացվի ռեսուրսի արդյունավետ կիրառման եղանակները։
Ալցհայմերի հիվանդության իրազեկման մեկամսյակի շրջանակում մասնագիտական աշխատանքային խումբը կշարունակի աշխատանքները Դեմենցիայի ազգային ծրագրի մշակման ուղղությամբ։

Մեկամսյակի շրջանակում «Առաքելություն Հայաստան» կազմակերպության հետ համատեղ նախատեսվում է Երևանում ևս մեկ Հիշողությամբ ակումբ ստեղծել, ինչպիսին արդեն գործում է Նորքի տուն-ինտերնատում։

Մեկամսյակի շրջանակում կամփոփվեն նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Էքսպեր Թեքնոլոջիս» ընկերության հետ համատեղ «Հ․Հովնանյան ընտանիք» հիմնադրամի ֆինանսավորմամբ Նորքի տուն-ինտերնատում իրականացված «Ռոբին ռոբոտը՝ տարեցներին» ծրագրի արդյունքները։



© NEWS.am Medicine