Առաջիկա 7 օրվա ընթացքում Հայաստանում կունենանք կորոնավիրուսի 5930 նոր դեպք, 30 տոկոսը կհոսպիտալացվեն. մասնագետ

12:12   22 սեպտեմբերի, 2021

Կորոնավիրուսի վերարտադրողական ցուցանիշը վերջին օրերի ընթացքում աճել է մինչեւ 1.2, եւ եթե քայլեր չձեռնարկվեն, առաջիկա 7 օրվա ընթացքում Հայաստանում կունենանք կորոնավիրուսի 5930 նոր դեպք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նրա խոսքով, հաստատված դեպքերի մոտ 30 տոկոսը կհոսպիտալացվեն, իսկ նրանց 3 տոկոսը ինտենսիվ թերապիա կարիք կունենա:

Մասնագետի խոսքով, համաճարակային իրավիճակը Հայաստանում այս պահի դրությամբ լարված է, վերջին 14 օրերի ընթացքում գրանցվել է դեպքերի 18 տոկոս աճ: Աճել է նաեւ դրական տեստերի մասնաբաժինը, հասնելով 11 տոկոսի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 254 709 դեպք, որոնցից 237 263-ն` առողջացած, 5181-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11072 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 664 154 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք: Ունենք 295 առողջացած, 20 մահվան դեպք:



© NEWS.am Medicine