Իմունիտետը «հարձակվում է» նյարդային բջիջների վրա. գիտնականները պատմել են COVID-19-ի վտանգավոր հետեւանքների մասին

17:47   24 սեպտեմբերի, 2021

Կորոնավիրուսային վարակը կարող է հանգեցնել Գիյեն-Բարեի համախտանիշի զարգացմանը: Այս մասին նկարագրված է Brain ամսագրում հրապարակված գիտնականների հոդվածում:

Կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր վարակվածների մոտ Գիյեն-Բարեի համախտանիշի զարգացման ավելի քան 90 դեպք է գրանցվել. դա աուտոիմունային խանգարում է, որի դեպքում իմունային համակարգը «հարձակվում» է մարդու նյարդերի վրա՝ հանգեցնելով մկանների թուլության եւ, որոշ դեպքերում, կաթվածի: Այնուամենայնիվ, գիտնականները երկար ժամանակ չեն իմացել՝ դա զուգադիպությո՞ւն էր, թե՞ COVID-19-ն իրականում հանգեցնում է համախտանիշի զարգացմանը:   

Գիտնականները վերլուծել են Եվրոպայից եւ Չինաստանից 49 հիվանդների առողջական տվյալները, որոնց մոտ Գիյեն-Բարեի համախտանիշ է ախտորոշվել 2020 թվականի հունվարից մայիս: Նրանցից 22 տոկոսը մինչ դրա զարգացումը վարակվել է կորոնավիրուսով: Բոլորը 50 տարեկանից բարձր են եղել, հաճախ ունեցել են դեմքի նյարդի կաթված եւ համախտանիշի ծանր ձեւ, որի դեպքում նույնիսկ որոշ ժամանակ չեն կարողացել ինքնուրույն քայլել: Հոսպիտալացվման ժամանակ նրանց 73 տոկոսի մոտ սուր բորբոքային պրոցեսն է նկատվել:

Միեւնույն ժամանակ, հետազոտողները նշում են, որ համավարակի առաջին չորս ամիսներին Գիյեն-Բարեի համախտանիշի դեպքերի թիվը չի աճել նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ: Այսպիսով, չնայած COVID-19-ով վարակվելը կարող է հանգեցնել համախտանիշի զարգացման, երկու հիվանդությունների միջեւ ուժեղ կապը քիչ հավանական է, եզրակացրել են հետազոտողները:



© NEWS.am Medicine