15:43 29 սեպտեմբերի, 2021Միացյալ Նահանգների գիտնականներին հաջողվել է փոփոխել SARS-CoV-2 կորոնավիրուսը, որպեսզի այն երեւա բջջային մշակույթներում եւ կենդանիների հյուսվածքներում: Այսպիսով, հնարավոր կլինի իրական ժամանակում հետեւել կորոնավիրուսի տարածմանն: Այս մասին նկարագրված է The Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
Տեխասի կենսաբժշկական գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները կորոնավիրուսի գենոմի մեջ ռեփորթերային գեն են դրել, որը ֆլուորեսցենտային կամ բիոլյումինեսցենտային (լյուսիֆերազա) սպիտակուցներ է տալիս: Սկզբում փորձն անհաջող էր. գենը բավարար չէր արտահայտվում, եւ հնարավոր չեղավ SARS-CoV-2-ին ստիպել «լուսավորվել»՝ կենդանիների հյուսվածքներում բավարար մակարդակով հեշտ հայտնաբերման համար:
Ավելի ուշ գիտնականները գտան լուծումը՝ այն միացնելով վիրուսի նուկլեոկապսիդ կոդավորող գենին, որն ամենաուժեղն է արտահայտված SARS-CoV-2-ի մեջ:
Մասնագետները ցույց են տվել, որ իրենց ստեղծած «ռեփորթերային» վիրուսներն իրենց նույն կերպ են դրսեւորում, ինչ կորոնավիրուսի «վայրի» տեսակը: Դա պայմանավորված է նրանով, որ հետազոտողները չեն հեռացնում վիրուսային գեները, ինչպես նաեւ՝ այն փաստով, որ արտահայտվելուց անմիջապես հետո ռեփորթերային սպիտակուցը բաժանվում էր նուկլեոկապսիդ սպիտակուցից: Սպիտակուցի «լուսավորման» պայծառությունը փոխկապակցված է վիրուսային բեռի՝ օրգանիզմում վիրուսային մասնիկների քանակի հետ:
Գիտնականներին հաջողվել է նաեւ փոփոխել ռեփորթերային գեները, որպեսզի մտահոգություն առաջացնող տարբեր տարբերակների վիրուսները, մասնավորապես՝ «բետա» տարբերակը, ներկվեն տարբեր գույներով: Այս մոտեցումը թույլ է տվել հետազոտողներին համեմատել, թե որքան լավ են չեզոքացնող հակամարմինները պայքարում SARS-CoV-2-ի տարբեր տարբերակների դեմ: