Եղջերաթաղանթի փոխպատվաստում. Ինչպե՞ս եւ ինչու՞ է համավարակն ազդել տեսողության վերականգնման վիրահատության վրա

16:11   30 սեպտեմբերի, 2021

Կորոնավիրուսային համավարակն ազդել է բժշկության բոլոր ոլորտների վրա, եւ ակնաբուժությունն անմասն չի մնացել: Վիրուսը կարող է մարդու օրգանիզմ ներթափանցել ինչպես աչքերի միջոցով, այնպես էլ աչքի տարբեր հիվանդություններ առաջացնել: Ավելին, այն կարող է նույնիսկ ազդել տեսողությունը վերականգնելու համար կատարվող վիրահատությունների վրա:

Կալիֆոռնիայի համալսարանին կից Ժյուլ Շտայնի անվան աչքի ինստիտուտի պրոֆեսոր Էնթոնի Ալդավը հայ լրագրողների հետ զրույցում պատմել է, որ աչքերի մակերեսին կան ընկալիչներ, որոնց միջոցով վիրուսը կարող է ներթափանցել օրգանիզմ: Դա, ըստ փորձագետի, աչքերը պոտենցիալ «պորտալ» է դարձնում վիրուսի ներթափանցման համար:

Բացի այդ, կորոնավիրուսը կարող է վարակել հենց աչքերը. որոշ հիվանդություններ, ինչպիսիք են կոնյուկտիվիտը, կարող են զարգանալ այս վիրուսի պատճառով:

ԱՄՆ-ում բժիշկ Էնթոնի Ալդավը եղջերաթաղանթի փոխպատվաստման վիրահատություններ է կատարում: Նրա խոսքով` իր ոլորտի շատ մասնագետների մտահոգում է հարցը` արդյո՞ք այդ վիրահատություններն անվտանգ է իրականացնել համավարակի ժամանակ: Ի վերջո, կա հիվանդին դիակ դոնորից ստացված հյուսվածքներից վիրուսի փոխանցման վտանգ:

Միացյալ Նահանգներում դոնոր հյուսվածքների ընտրության համար հատուկ սքրինինգ է կատարվում, եւ պարզվում է, որ շատերը պիտանի չեն փոխպատվաստման համար: Արդյունքում, համավարակի ֆոնին Միացյալ Նահանգներում դոնոր եղջերաթաղանթների թիվը զգալիորեն նվազել է, եւ դա խնդիրներ է առաջացրել ոչ միայն նրանց մոտ, այլեւ` շատ այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, քանի որ այստեղ մասնագետները եւս եղջերաթաղանթներ են փոխպատվաստում, որոնք ստացվել են ԱՄՆ-ից: Արդյունքում, եղջերաթաղանթի փոխպատվաստման կարիք ունեցող շատ հիվանդներ չեն կարող վիրահատվել` դոնոր հյուսվածքի բացակայության պատճառով:

Ինչպես նշել է դոկտոր Ալդավը, Միացյալ Նահանգները վերանայում է դոնորության համար չափանիշները, եւ որոշվել է դրանց մեջ ներառել պատվաստման կարգավիճակը, քանի որ այնտեղ բնակչության կեսն արդեն պատվաստված է: Մասնագետը հույս ունի, որ դրանով փոխպատվաստման համար պիտանի դոնոր հյուսվածքների թիվը կմեծանա, իսկ մոտ ապագայում հնարավոր կլինի ավելի շատ եղջերաթաղանթներ մատակարարել այլ երկրներին, այդ թվում` Հայաստանին:



© NEWS.am Medicine