Ինչո՞ւ է ճարպակալում ունեցող մարդկանց համար կարեւոր սպորտով զբաղվելը

22:53   14 հոկտեմբերի, 2021

Ճարպակալում ունեցող մարդկանց համար շատ կարեւոր է սպորտով զբաղվելը, եւ դա ամենեւին էլ քաշի կորստի համար չէ. վարժությունները նրանց համար ինքնին օգտակար են: Այս մասին ասվում է iScience ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Արիզոնայի պետական համալսարանի պրոֆեսոր Գլեն Հեսերը եւ Վիրջինիայի համալսարանի դոկտոր Սիդհարթա Ս. Անգադին մեծ քանակությամբ տվյալներ են վերլուծել այն մասին, թե ինչպես են վարժությունները, սննդակարգը եւ ֆիթնես-ծրագրերը ճարպակալման դեպքում ազդում երկարակեցության եւ առողջական վիճակի վրա: Ուսումնասիրությունը ներառել է ավելի քան 200 մեթաանալիզներ, որոնք միավորել են տասնյակ հազարավոր մարդկանց բազմաթիվ հետազոտությունների տվյալները:

Ուսումնասիրության հեղինակները եզրակացրել են, որ ճարպակալում ունեցող մարդիկ, որոնք նստակյաց կյանք են վարել, կարող են 30%-ով կամ ավելի նվազեցնել վաղաժամ մահվան ռիսկը, եթե սկսեն վարժություններ անել: Կարեւոր է, որ այդ ռիսկը նվազի, նույնիսկ եթե նրանց չհաջողվի նիհարել: Ավելին, այս դեպքում վաղաժամ մահվան ռիսկը ավելի ցածր կլինի, քան նորմալ քաշ ունեցող, բայց վատ ֆիզիկական վիճակում գտնվող մարդկանց մոտ:

Մյուս կողմից, հետազոտությունների մեծ մասը ցույց է տալիս, որ քաշի կորստի դեպքում մահվան ռիսկը նվազում է 16%-ով, եւ այն էլ՝ ոչ միշտ:

 



© NEWS.am Medicine