Թրոմբերի առաջացման հակվածություն ունեցող մարդկանց կարելի՞ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

12:28   20 հոկտեմբերի, 2021

Թրոմբերի առաջացման հակվածություն ինքնին հակացուցում չի կորոնավիրուսի դեմ պատվաստման համար: Նման կարծիք լրագրողների հետ զրույցում արտահայտեց ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը:

Նրա խոսքով, ԱստրաԶենեկայի պատվաստանյութի օգտագործման արդյունքում թրոմբերի առաջացման հետ կապված բարդություններ աշխարհում իրոք գրանցվել են, բայց դրանք բավական հազվադեպ են եւ պատահում են մի քանի հարյուր հազար պատվաստվողից մեկի մոտ: Ավելին, դրանց գոյացման հիմքում, մասնագետի խոսքով, լրիվ այլ մեխանիզմներ են, որոնք թրոմբագոյացման հակվածության հետ իրականում կապ չունեն:

Ինչպես նշեց մասնագետը, թրոմբերի առաջացման հակվածություն ունեցող մարդկանց կարելի է պատվաստվել նույնիսկ ԱստրաԶենեկայի պատվաստանյութով, եթե պատվաստման պահին նրանց հիվանդությունը սուր փուլում չի գտնվում: Սուր փուլի դեպքում պատվաստումը խորհուրդ է տրվում հետաձգել:



© NEWS.am Medicine