Կորոնավիրուսի նոր բրիտանական շտամ՝ AY.4.2․ ի՞նչ է հայտնի

15:34   21 հոկտեմբերի, 2021

Մեծ Բրիտանիայում դելտա շտամից առանձնացել է կորոնավիրուսի նոր տարբերակ՝  AY.4.2։ Արդեն հայտնի է, որ այն ավելի վարակիչ է, սակայն դեռ երկրից սահմաններից դուրս դրա օջախները շատ քիչ են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նոր տեսակը տարբերվում է երկու բնորոշ մուտացիաներով՝ Y145H եւ A222V։ Երկու մուտացիաներն էլ նախկինում հայտնաբերվել են SARS-CoV-2 կորոնավիրուսի տարբեր գծերում։ Օրինակ, A222V-ն գրանցվել է անցյալ ամառ Եվրոպայում, սակայն այն անհետացել է, քանի որ էվոլյուցիոն առավելություններ չուներ: Այժմ այս երկու մուտացիաները արմատավորվել են եւ ձեւավորել ավելի կենսունակ տարբերակ: AY.4.2-ը հայտնվել է ապրիլին, իսկ սեպտեմբերի վերջին կազմել է Միացյալ Թագավորության ուսումնասիրված նմուշների 6% -ը: Այժմ այս ցուցանիշը շարունակում է աճել:

Շոտլանդիայում AY.4.2-ն ավելի շատ է գտնվել, սակայն դա կարող է պայմանավորված լինել երկրի շրջաններում սեկվենացման տարբեր արագության հետ։ Միացյալ Նահանգներում գրանցվել է վիրուսի նոր տարբերակով վարակման ընդամենը 3 դեպք: Իսրայելում հայտնի է դարձել, որ Մոլդովայից ժամանած 11-ամյա երեխան վարակվել է դրանով։ AY.4.2-ի մեկ դեպք կա նաեւ Ռուսաստանում։

Հայտնի է, որ սեպտեմբերի 23-ին Տվեր քաղաքում նմուշ է վերցվել հիվանդից: 69-ամյա տղամարդու մոտ հազ եւ ջերմություն է նկատվել։ Մասնագետների կարծիքով՝ դեռեւս հայտնի չէ, թե ինչու է AY.4.2-ն ավելի վարակիչ, քան մայր դելտա շտամը, քանի որ այս տարբերակում հայտնաբերված երկու նոր մուտացիաներից եւ ոչ մեկը կարծես թե չի ուժեղացնում վիրուսի վարակիչությունը: Փորձագետների կարծիքով՝ դեռ վաղ է ասել, թե AY.4.2-ը կփոխի՞ հիվանդության պատկերը, եւ արդյոք դա կավելացնի հոսպիտալացումների թիվը:



© NEWS.am Medicine